Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հակաադրբեջանական հայտարարությունները, որոնք նա արել է Մարսելի հայ համայնքի հետ հանդիպմանը, և որոնք արտացոլում են միակողմանի աջակցություն Հայաստանին, անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ արձագանքելով Մակրոնի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ղեկավարն ասել էր, որ ինքն «Ալիևի վրա ավելի շատ ճնշում է գործադրել և ավելի շատ ճնշում է գործադրելու, քան ինքը՝ Փաշինյանը»։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա ճնշում գործադրելու հայտարարությունները Ֆրանսիայի նախագահ Մակրոնի երևակայության արգասիքն են:
Ադրբեջանի նախագահի վրա ճնշում գործադրելու փորձերը երբեք արդյունք չեն տվել: Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում... Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման և Ղարաբաղի տարածաշրջանը որպես Ադրբեջանի անբաժան մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման ՝հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլ նաև նպաստում են անջատողականությունը և ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը», - ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն հիշեցնում է, որ Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների մուտքն անգամ Հայաստանում է արգելված՝ գրելով․ «Նախագահ Մակրոնի հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ նա գործիք է Ֆրանսիայի հայկական լոբբիի ձեռքում: Հայ համայնքի ներկայացուցիչը, ում նա փորձում է բացատրություններ տալ, այն ծայրահեղականներից է, ում դեմ Հայաստանը մուտքի արգելք է սահմանել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը