«Իշխանությունները թույլ չեն տա, որ Ռուսաստանում կրկնվի պառակտումը և կպաշտպանեն ժողովրդին»,- հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիներին ուղղված հրատապ ուղերձում:
ՌԴ նախագահը հիշեցրել է այն հարվածի մասին, որը հասցվել Է Ռուսաստանին 1917 թվականին, երբ երկիրն առաջին համաշխարհային պատերազմ էր մղում: «Մենք թույլ չենք տա, որ դա կրկնվի, կպաշտպանենք և մեր ժողովրդին, և մեր պետականությունը ցանկացած սպառնալիքից», - ընդգծել Է Պուտինը:
Պուտինի խոսքով` բոլոր նրանք, ովքեր գիտակցաբար բռնել են դավաճանության ճանապարհը, անխուսափելի պատիժ կկրեն:
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանում զինված ապստամբություն է սկսել: Նա նախօրեին հայտարարել է, որ ՌԴ ՊՆ–ն հրթիռային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի թիկունքային ստորաբաժանումներին և խոստացել պատասխան հարված հասցնել:
ՌԴ ԱԴԾ–ի քննչական վարչությունը Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցել`զինված ապստամբություն կազմակերպելու փաստով։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունն այսօր դիմել է «Վագներ»-ի մարտիկներին` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։
Հայտնի է, որ այս պահին Դոնի Ռոստովի բոլոր ռազմական օբյեկտները գտնվում են «Վագներ»-ի մարտիկների վերահսկողության տակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը