20 06 2023

Ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում բանակցություններին․ Արման Աբովյան

Ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում բանակցություններին․ Արման Աբովյան

Հունիսի 21-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հերթական բարձր մակարդակի հանդիպումը: Ինչպե՞ս են կողմերը պատրաստվում հանդիպմանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է միջագայնագետ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը:

«Արցախի և Հայաստանի շուրջ ռազմական իրավիճակի սրումն արդեն իսկ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից հայ հասարակությանը հերթական խայտառակ զիջումներին յուրովի «նախապատրաստելու» ստանդարտ մեթոդ է։ Ամեն օր թուրք-ադրբեջանական ավազակախմբերը գնդակոծում են հայկական պետությունների ինքնիշխան տարածքները և դժվար չէ ուղիղ կապ որսալ բանակցությունների և գնդակոծությունների միջև: Ինչպե՞ս է հայկական կողմը պատրաստվում բանակցություններին և ինչպես՞ է արձագանքում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի կողմից ռազմական շանտաժին:

Ըստ էության` ոչ մի կերպ, քանի որ դիտարկում է «բանակցությունների» գործընթացը բացառապես որպես օկուպանտների պահանջներին հերթական զիջումների համար ընդունելի «փաթեթավորման» ստեղծման գործընթաց։ Եվ այս իրավիճակում հասկանալի է դառնում, թե ինչու հայկական կողմը, ասես ոչինչ չի պատահել, շարունակում է օկուպանտների հետ «բանակցությունները» Թուրքիային և Ադրբեջանին կապող ճանապարհ տրամադրելու մասին` Սյունիքի միջոցով: Բոլոր այն հույսերը, թե ճանապարհի բացումը լիցքաթափման կբերի հայերի և ադրբեջանցիների միջև հարաբերություններում, առնվազն ժպիտ են առաջացնում, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ «կոմունիկացիաների բացումը» և «դելիմիտացիան /դեմարկացիան» պաշտոնապես դիտարկում են որպես Արցախի բնաջնջման և Հայաստանի մասնատման օրինականացման ծրագրի մաս։

Ի դեպ, նրանք դա չեն էլ թաքցնում։ Այնպես որ, պետք է իրատես լինենք և պարզապես հասկանանք, որ բոլոր «բանակցությունների» և ոգևորված հույսերի հետևում թաքնված է Հայաստանի և Արցախի համար խիստ բացասական գործընթաց:

Եվ այստեղ պետք է կրկնել ևս մեկ անգամ. Դադարեք քննադատել ռուսներին, եվրոպացիներին, իրանցիներին, ամերիկացիներին, նրանք պաշտպանում են իրենց շահերը և եթե Հայաստանի ղեկավարությունը հանուն իր անձնական անվտանգության երաշխիքների և իշխանության պահպանման, պատրաստ է գնալ երկրի համար կործանարար քայլերի, ապա արտաքին խաղացողներից ոչ մեկն առանձնապես չի անհանգստանա, այլ կփորձի այս իրավիճակում առավելագույն շահ ստանալ իր համար։

Ռուսները, ամերիկացիները, իրանցիները, եվրոպացիները չեն կարող Հայաստանի հանդեպ ավելի մեծ հայրենասեր լինել, քան իրենք՝ հայերը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ