07 06 2023

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հունիսի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթին: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության դրական դինամիկան, այդ թվում նաև՝ խորհրդարանական ձևաչափով, և պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ ջանքերը տարբեր հարթակներում փոխգործակցության հետագա խորացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել նաև ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգին առնչվող հարցերի շուրջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա խնդիրներ, որոնք հետևանք են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության: Ընդգծելով դրանց հանգուցալուծման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ նախարար Միրզոյանը շեշտել է այդ մոտեցումն Ադրբեջանի կողմից փոխադարձելու և սեփական հանձնառությունները կատարելու հրամայականը:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, այս համատեքստում շահագրգիռ միջազգային գործընկերների կողմից այդ ուղղությամբ իրականացվող ջանքերին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում առանցքային խնդիրների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Ի թիվս այլ հարցերի, երկարատև կարգավորման համատեքստում երկուստեք ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ