«Կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել ու ինքը չի կարող Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել: Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդն ու քաղաքական ուժերը հայտարարում են, որ էն, ինչ դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում: Դուք Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»,- ԱԺ-ում քննարկման ժամանակ դիմելով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար, ըստ այդմ, մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն չենք ներկայացրել և չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք անել ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում, հետևյալն է․ մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական ու ամբողջական չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում երկխոսության մի մեխանիզմ, որտեղ ԼՂ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել։ Որևէ մեկը չի ժխտում, որ ԼՂ ժողովրդի անվտանգության և իրավունքների հետ կապված կան բազմաթիվ հարցեր, դրա մասին են վկայում բլոկադան, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումն ու այլ հարցեր։ Դրանք պետք է քննարկվեն ու հասցեագրվեն, ո՛չ մեր կողմից, այլ ԼՂ ժողովրդի կողմից ընտրված մարմինների ու լիազոր ինստիտուտների կողմից»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Արթուր Խաչատրյանն արձագանքեց, թե՝ այդ դեպքում ինչու եք ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը