Ո՞րն է մեզ քոչվոր ներկայացնելու Փաշինյանի մղումը, ըստ որի՝ «կադաստրի թղթերով» փորձում են մեզ համոզել , որ ոչինչ չունենք․ հարցին ի պատասխան սահմանադրագետ, միջազգային իրավունքի մասնագետ Վարդան Պողոսյանը «Հայրենիք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց․
«Ինձ համար զարմանալի չէ Փաշինյանի դիրքորոշումը, քանի որ ակնհայտ է, որ նրա վարքագիծը պայմանավորված է տգիտությամբ և դավաճանությամբ: Եթե մարդը որևէ բան չի հասկանում միջազգային իրավունքից, չի հասկանում, թե ինչ է անկախ պետությունը, ուրեմն այնքան էլ զարմանալի չէ, որ մարդն այդպիսի հայտարարություններ է անում»։
Բանախոսը ներկայացրեց, որ Փաշինյանի խոսքով՝ հայ ժողովուրդն Հայաստանում տնվոր է և ցանկացած ժամանակ այլ պետությունից կարող են գալ և նրան ասել՝ դուրս եկեք այդտեղից:
Ըստ Վարդան Պողոսյանի՝ այդ խոսքերը փաստում են, որ Փաշինյանը չի հասկանում, թե ինչ է նշանակում անկախ պետություն:
«Իր պատկերացման մեջ միջազգային իրավունքի սուբյեկտ անկախ պետություն նշանակում է, որ ՄԱԿ-ում կա մի կադաստր և այնտեղ ուղղակիորեն գրված է որ ՀՀ տարածքը 29800ք/կմ է, Ադրբեջանինը՝ 86.6 և այլն»,-ասաց միջազգային իրավունքի մասնագետը և շեշտեց, որ նման արտահայտությունը տարրական գիտելիքների բացակայության մասին է խոսում:
Վարդան Պողոսյանը հայտնեց, որ եթե Փաշինյանը չունի նման գիտելիքներ, ապա նրան խորհուրդ տվող իրավաբանները պետք է իրեն տեղեկացնեին, որ երբ պետությունը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ապա անկախ նրանցի, թե իր սահմանները հարևանների հետ գծել է, թե ոչ՝ ճանաչվում է միջազգային իրավունքի սուբյեկտ, անկախ պետություն:
«Դու տերն ես այն սահմանների, որոնք փաստացի գոյություն ունեն և այդ փաստացի սահմաններն անձեռնմխելի են, տարածքային ամբողջականության ճանաչումն ընդամենը նշանակում է, որ պետությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ պարտավորվում է ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառել մեկ այլ երկրի՝ հարևան երկրի նկատմամբ»,-ասաց սահմանադրագետը:
Նա նաև հայտարարեց, որ Փաշինյանը ճիշտ չէ, երբ ասում է, թե դեռ 1991 թվականին Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
«Ալմա Աթայի հռչակագիրը կապ չունի Ադրբեջանի հետ այն պարզ պատճառով, որ1991 թվականի դեկտեմբերի 21-ին, երբ հռչակագիրը ստորագրվում էր, դրան նախորդել էր մեկ այլ՝ իրավաբանական ավելի բարձր արժեք ունեցող փաստաթուղթ, որը պետք է վավերացվեր ԱՊՀ անդամ պետությունների կողմից որոնք ստորագրել էին 1991 թվականի դեկտեմբերի 8-ին՝ ԱՊՀ-ին կից արձանագրությունը, որով խորհրդային նախկին 8 հանրապետությունները միանում էին Բելառուսի, Ուկրաինայի և Ռուստանի միջև կնքված պայմանագրին»,-նկատեց Պողոսյանը:
Նրա խոսքով՝ երբ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը ստորագրեց այդ հռչակագիրը և արձանագրությունը, նախորդ օրն Ադրբեջանի Մեջլիսը իրն արգելել էր մտնել ԱՊՀ կազմ, այլ լիազորել էր բանակցել Ադրբեջանի տարածքից խորհրդային զորքերի դուրսբերման վերաբերյալ:
Ըստ բանախոսի՝ Մութալիբովի ստորագրածն իրավաբանական ուժ չստացավ, քանի որ արձանագրությունը չի վավերացվել մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը:
«1991 թվականի դեկտեմբերի 21-ից մինչև 1993 թվականի սեպտեմբերի 24-ը Ադրբեջանը չի եղել ԱՊՀ անդամ, հետևաբար ինչ հռչակագիր էլ այնտեղ ստորագրված լինի չեր վերաբերի Ադրբեջանին, ուստի Հայաստանը չէր կարող այն ժամանակ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում: Իսկ սահմանների ճանաչումը տեղի է ունեցել 1993 թվականի հունվարին երբ ԱՊՀ կանոնադրությունն է ընդունվել, որի հետ կրկին Ադրբեջանը կապ չունի:,-հայտատարեց Վարդան Պողոսյանը
Սահմանադրագետը նաև շեշտեց, որ Փաշինյանը չի կարող հանձնել Տիգրանաշենը, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ այն ՀՀ տարածք է և ցանկացած փոփոխություն կարող է արվել միայն հանրաքվեի միջոցով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը