11 05 2023

Ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս մեր ժողովրդի․ Արտակ Զաքարյան

Ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս մեր ժողովրդի․ Արտակ Զաքարյան

Խաղաղության մասին թուրքի պատկերացումները հարյուրամյակներով չե´ն փոխվել և չե´ն փոխվելու, համոզված է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Պաշտոնական Բաքուն ու Անկարան հայտարարում են՝ իբրև «սպասում են, որ Հայաստանը սեղմի խաղաղության մեկնած ձեռքը»: Միևնույն ժամանակ տոտալ շրջափակման մեջ պահելով՝ հումանիտար աղետի են ենթարկում 120 000 խաղաղ հայրերի: Միևնույն ժամանակ «խաղաղության մասին» գիշեր ցերեկ աղերսող հայաստանյան «իշխանությունների» ֆոնին   քայլ առ քայլ օկուպացնում են Հայաստանի տարածքները: Միևնույն ժամանակ Հայաստանին ամեն կերպ զրկում են ինքնիշխան ապագա ունենալու որևէ շանսից: Միևնույն ժամանակ կռիվ են տալիս նույնիսկ Հայաստանի հուշարձանների ու հայ ժողովրդի պատմական հիշողությունների հետ:

Թուրքը չի փոխվել, բայց 2018թ-ից սկսած փոխվել են Հայաստանի իշխանությունները, որոնց տեսանելի դավաճանությունն ու անսահման տգիտությունը թուրքերին տվել է Հայաստանն ու Արցախը ոտնակոխ անելու հնարավորություն և ցանկություն:

Նախկինում խաղաղության մասին թուրքը մեզ հետ խոսում էր հեռվից և շատ հարգանքով: Հիմա թուրքը օկուպացրել, շրջափակել ու խեղդում է հայկական պետականությունը` թելադրելով կեղծ խաղաղության իր ստորացուցիչ պայմանները` կամ ստորաքարշ խաղաղություն, կամ նոր ցեղասպանություն:

2018թ-ից հրապարակային դաշտում այդ մասին փորձում էինք գրել և զգուշացնել: Ի պատասխան` նիկոլական հայախոս զանգվածը լկտիություն ու փողոցին հարիր իր անդաստիարակությունն էր ցուցաբերում: Բայց դա չէ խնդիրը, այլ այն, որ առ այսօր գիտակից, սրտացավ ու պետականակենտրոն մտածող քաղաքացիները, հիասթափվելու փոխարեն բռունցքված չեն՝ խունտային քշելու և Հայաստան պետության դիրքերը վերականգնելու հարցում: Մեր պատմական ողբերգություններից մեկն էլ ներսից պառակտվածությունն ու անտարբերությունն է եղել:

Ժամանակը շարունակում է աշխատել ի վնաս մեր ժողովրդի:

Հերթական ցավալի ապացույցներից մեկն էլ այսօրվա ռմբակոծություններն են»,- սոցցանցի իր էջում գրել է արտակ Զաքարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ