27 04 2023

Լավ, ամոթ չունեք, բա հասարակ «քթածակ» էլ չունե՞ք. վերլուծական

Լավ, ամոթ չունեք, բա հասարակ «քթածակ» էլ չունե՞ք. վերլուծական

7or.am-ը գրում է. Երևանի Օղակաձև զբոսայգում բացվել է «Նեմեսիս» գործողությունն (գործողությունների շարքի կամ վրիժառության ծրագրի) իրականացրած քաջերի հիշատակը հավերժացնող հուշարձան: Ի դեպ, Փաշինյանի սիրելի գործընկեր Ալիևի ԱԳՆ-ն արդեն դա դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել, բայց դա դեռ մի կողմ:

«Նեմեսիս» գործողությունը ծրագրվել է 1919-ին՝ նպատակ ունենալով հայտնաբերել և պատժել Հայոց ցեղասպանության, նաև՝ Բաքվի հայության ջարդերի (1918թ.) կազմակերպիչներին և իրականացնող հիմնական ոճրագործներին, ինչպես նաև՝ հայազգի դավաճաններին: Չնայած, կա՞ն հայ մարդիկ, որ չգիտեն, թե խոսքն ինչի մասին է կամ ում մասին է:

Ինչպես կարելի էր հասկանալ ընթացիկ լրահոսից, առանձին անհատների, այդ թվում՝ վրիժառուների շառավիղների նախաձեռնությունն է «Նեմեսիս» գործողության արձան, կոթող տեղադրելը (արձանի հեղինակ՝ Տիգրան Բարսեղյան):

Եվ ահա, Երևանի փոխքաղաքապետ, Փաշինյանի ՔՊ առաջնորդներից մեկը համարվող Տիգրան Ավինյանը գնացել էր... «Նեմեսիս»-ի արձանի բացման արարողությանը մասնակցելու: Դժվար է ասել, թե ինչով էին առաջնորդվել նրան հրավիրողները: Դժվար է ասել, թե անձամբ ի՛նքն ինչով էր առաջնորդվել՝ հրավերն ընդունելով: Փոխարենը ամենևին դժվար չէր պատկերացնել, թե ինչ արձագանք էր լինելու, ինչը և արտացոլվեց, երբ ելույթի համար խոսափողին մոտեցավ Տիգրան Ավինյանը: Լսվեցին «դավաճան», «հեռացիր»բացականչություններ (մնացյալը չասենք), ինչում համոզվելու համար բավարար է դիտել ստորև հրապարակված կարճ տեսանյութը:

Այո՛, արձանի համար տարածքը կարող էր հատկացվել միայն Երևանի քաղաքապետարանի համապատասխան որոշմամբ, թույլտվությամբ: Բայց ո՞վ պետք է լիներ Երևանի քաղաքային որևէ իշխանություն, եթե նման արձանի համար հանկարծ ու տեղ չհատկացներ:

Բայց որպես ի՞նչ, անունն ի՞նչ դնելով էր Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ի ղեկավար դեմքերից Տիգրան Ավինյանը գնացել այ արձանի բացման արարողությանը մասնակցելու: Պետք է ենթադրել, որ այս շրջանում ամեն ինչ նախընտրական քարոզարշավիտրամաբանության մեջ անող Տիգրան Ավինյանն ու նրա փիարի խորհրդատուները որոշել են, թե քանի որ «բացում» է, Երևանում է, ինքը պիտի ներկա լինի, ելույթ ունենա: Չնայած նրա ելույթում հնչող արտահայտությունները որպես ցինզմ և կեղծավորություն են ընկալվում: Ախր, ով ինչի մասին է խոսում: Թուրքիայի հետ Հայաստանի ու Արցախի հաշվին «խաղեր տվող» իշխանության ներկայացուցիչը ի՞նչ պետք է ներկաներին ասեր «Նեմեսիս»-ի վերաբերյալ:

Բայց մյուս կողմից, այսքանից հետո Տիգրան Ավինյանին կարելի՞ է որևէ կառույցի ղեկավարում վստահել: Թե՞ իրենց թվում է, որ եթե զոհվածների ծնողներին ոտնատակ գցելով, քաշքշելով, հարյուրավոր ոստիկաններով շրջապատված կարող են «Եռաբլուր» գնալ ու ձևական բաներ անել, ուրեմն՝ վե՞րջ, արդեն ամեն ինչ «օ-քե՞յ» է: Բա այն բոցավառված դրոշի դեպքը ոչ մի բան չհուշե՞ց:

Լավ, ամոթ չունեք, բա հասարակ «քթածակ» էլ չունե՞ք (ժողովրդական խոսքով ասած), որ այն ամենից, այն աղետներից հետո, որոնք ձեր իշխանությամբ բերել եք հայ ժողովրդի, Հայաստանի, Արցախի գլխին, «Նեմեսիսի» արձանի բացման արարողությունն այն տեղը չէ, որտեղ ձեզ սպասում են կամ կարող եք «ցանկալի անձ» համարվել:

Նման անշրջահայացություն դրսևորող անձին ինչպե՞ս կարելի է որևէ կառույցի ղեկավարում վստահել:

Ախր այդ արձանին ՔՊ-ական առաջնորդները կարող են մոտենալ միայն մեկ նպատակով՝ ինքնասպանության: Փաշինյանն էր, չէ՞, մեծ-մեծ խոսում «գնդակահարության պատի տակ կանգնելու» պատրաստակամության մասին: Այ, «Նեմեսիսի» արձանը, պատկերավոր ասած՝ «գնդակահարության պատի» ամենից հարմար տարբերակը կարող է լինել:

Հա, ՔՊ-ական առաջնորդները, Փաշինյանը լինի, Միրզոյանը, թե Ավինյանը կամ մեկ ուրիշը, այդ «պատին» մոտենալիս (եթե մոտենան), կարող են հրամայել, որ մետաղորսիչի մեջ էլ... ական փնտրեն, մայթի քարերի մեջ էլ պայթուցիկ փնտրեն, որովհետև կան բաներ, որոնց անգամ ամենակարծր քարերը կարող են չդիմանալ և ինքնաբռնկվել:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ