21 07 2023

«Նեմեսիս» գործողության ստեղծումը, կատարված դատավճիռների և ընդհատման պատմությունը․ Mediamax.am

«Նեմեսիս» գործողության ստեղծումը, կատարված դատավճիռների և ընդհատման պատմությունը․ Mediamax.am

Mediamax.am-ը գրում է․  «Պարզաբանում» խորագրի հերթական թողարկումը ներկայացնում է Հայոց Ցեղասպանության կազմակերպիչներին եւ իրականացնողներին պատժելու համար հիմնադրված «Նեմեսիս» գործողության ստեղծման, կատարված դատավճիռների եւ ընդհատման պատմությունը:

1. Ի՞նչ է «Նեմեսիս»-ը:

«Նեմեսիս»-ը գործողություն է, որի նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին:

2. Ինչպե՞ս եւ ե՞րբ ծնվեց «Նեմեսիս»-ը:

Երիտթուրք պարագլուխները Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունից հետո փախան Գերմանիա: 1918թ. դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում Թալեաթը, Էնվերը, Նազըմը, Ջեմալը եւ նրանց հանցակիցները մեղադրվում էին Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու, քրիստոնյա (հայ) հպատակների ջարդի եւ տեղահանության կազմակերպման մեջ: Դատավճռի համաձայն՝ 31 մեղադրյալներից Թալեաթը, Էնվերը, Նազըմը եւ Ջեմալը դատապարտվեցին մահվան:

Դատավճռից փախած հանցագործների պատիժն իրականացնելու նպատակով էլ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հիմնեց «Նեմեսիս»-ը: 1919թ. Երեւանում  Դաշնակցության 19-րդ ընդհանուր ժողովում 650 հանցագործներից առանձնացվեցին 41-ը: «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվեց պատասխանատու մարմին՝ ԱՄՆ-ում ՀՀ ներկայացուցիչ Արմեն Գարոյի գլխավորությամբ եւ հատուկ Ֆոնդ՝ Շահան Սաթճակլյանի ղեկավարությամբ: Գործողության օպերատիվ ղեկավարության եւ նյութական ապահովման համար պատասխանատու էին Շահան Նաթալին եւ Գրիգոր Մերջանովը:

3. Ո՞ր դատավճիռները իրականացվեցին:

-1921թ. մարտի 15-ին Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում սպանեց Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

-1921թ. դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանեց երիտթուրքերի կուսակցության առաջին կաբինետի ղեկավար Սայիդ Հալիմին։

-1922թ. ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում սպանեցին Ջեմալ Ազմիին, ով հրամայել էր ծովում խեղդել 15 000 հայ երեխաների, ինչպես նաեւ՝ Բեհաեդդին Շաքիրին:

-1922թ. հուլիսի 22-ին Պետրոս Տեր-Պողոսյանը եւ Արտաշես Գեւորգյանը Թիֆլիսում սպանեցին Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին:

-1920թ. մայիսի 31-ին սպանվեց 1918 թ-ի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից Նասիբ Յուսիֆբեյլին։

-1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկիին:

-1920թ. հուլիսի 19-ին Արամ Երկանյանը Թիֆլիսում սպանեց Շուշիի եւ Բաքվի հայերի ջարդերի հիմնական պատասխանատուներից Հասան Բեկ Ագաեւին:

-1921թ. հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանեց Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բիհբութ Ժիվանշիր Խանին։

«Նեմեսիս» գործողության ընթացքում սպանվեցին նաեւ երեք դավաճան՝ Մկրտիչ Հարությունյանը, Վահե Իհսսանին (Եսայան) եւ Ադուր Յասյանը:

4. Ո՞ր դատավճիռների իրականացումը ձախողվեց:

«Նեմեսիս» գործության ցուցակում Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերի ու «Միություն եւ Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմի անունները կային։ «Նեմեսիս» գործության անդամներին չհաջողվեց նրանց սպանել:

Էնվերը Գերմանիայից փախել էր Միջին Ասիա: 1922թ. Տաջիկստանում նրան գնդակահարեց կարմիր բանակի հայ հրամանատար Հակոբ Մելքումովը:

Նազիմը մահապատժի ենթարկվեց Թուրքիայում. նրան մեղադրել էին Քեմալ Աթաթուրքի դեմ մահափորձի համար:

5. Ինչպե՞ս ընդհատվեց «Նեմեսիս»-ը:

1922 թ., երբ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի վտարանդի կառավարությունները ստորագրեցին բոլշեւիզմի դեմ համատեղ պայքարի «Պրոմեթեւս» նախագիծը, ՀՅԴ Բյուրոն որոշեց դադարեցնել «Նեմեսիս»-ը:

Այս որոշումը միանշանակ չընդունվեց եւ պատմության ընթացքում ստացավ «ամենաամոթալի» որակումը: Տարիներ անց Շահան Նաթալին առաջարկեց վերականգնել «Նեմեսիս»-ը, սակայն մերժվեց: Փարիզում նա հիմնեց «Արեւմտահայ ազատագրական ուխտը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ