13 04 2023

Բաքուն համաձայնություն տվե՞լ է բանակը փոխարինել սահմանապահներով․ հարց՝ Միրզոյանին



ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց Փաշինյանի հայտարարության մասին, առ այն, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով:

«Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով»,-հարցրեցին ՀՀ  ԱԳ նախարարին։ Ի պատասխան՝ նշեց․

«Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը:

Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»:

 

 

 

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ