ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ Արարատ Միրզոյանը ներկայացրեց Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակված Լաչինի միջանցքիի խնդիրը․
«Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը:
Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում:
Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ:
Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը:
Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը»,-ասաց Միրզոյանը:
ԱԳ նախարարը նաև անդրադարձավ ԵԱՀԿ դերակատարության անհրաժեշտությանը՝ կարևորելով այս կերպ․
«Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը