Պատմության հազարամյակների փորձը բազմիցս հավաստել է, որ զորեղ և հաստատուն է այն պետությունը, որի պահապանները զինված են ազգային արժանապատվության բարձր գիտակցությամբ:
Արցախյան ազատագրական երեք պատերազմները ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հայ ժողովուրդը միշտ էլ ծնել է և ծնում է հերոսներ, որոնք ի զորու են հանուն Հայրենիքի կերտել հաղթանակներ՝ անգամ կյանքի գնով:
Ընդհանրապես, պետականության հենարանը այն մարդիկ են, ովքեր ապրելը, աշխատելը ընկալում են որպես ծառայություն Հայրենիքին:
Նրանք պարզապես ձգտում են խղճով կատարել իրենց առջև դրված խնդիրը, հնարավոր դարձնել անհնարինը, նվիրվել հասարակությանը, երկրին:
Հայաստանի նորօրյա պատմության հերոսները եկան հաստատելու ասվածի ճշմարտացիությունը՝ բարձր պահելով Հայրենիքի զինվորյալի վսեմ կոչումը: Արցախի ազատագրության հերոսամարտին զինվորագրվածները ոչ միայն անհատներ էին, այլև գերդաստաններ:
Հայդուկային խմբերից ձևավորված հաղթական բանակը ծնեց հրամանատարներ, որոնք էլ իրենց հերթին կերտեցին բանակի դիմագիծը: Երեկվա գիտնականը, գրողը, հողի մշակը, բժիշկը դարձան անկոտրում կամքի տեր հմուտ հրամանատարներ:
Պարտքի և նվիրումի գիտակցումով ծնված հերոսական գերդաստաններից մեկն էլ Խաչատուրովների ընտանիքն է: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, նրա որդին՝ հայրենապաշտ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը և վերջինիս եղբայրը՝ Իգոր Խաչատուրովը, իրենց անցած ճանապարհով նոր փառավոր էջեր են գրել հայոց արդի ռազմական պատմության տարեգրքում:
Երեսուն և ավելի տարիներ պատիվ եմ ունեցել ճանաչելու և մոտիկից շփվելու ազգանվեր այս զինվորականների հետ, ինչպես մարտի դաշտում, այնպես էլ պարզ մարդկային հարաբերությունների շրջանակում:
Ասում են թե՝ իբր հերոսներին չեն դատում:
Մինչդեռ Հայաստանի իշխանական աթոռները զավթած խունտան այս ճշմարտությունը ոտնատակ է արել: Խունտայի դավանած «ճշմարտությունը» Հայոց բանակը փոշիացնելն է՝ այն «գլխատելով»:
Շինծու քրեական գործեր հարուցելու միջոցով մեկուսացվեցին փորձառու գրեթե բոլոր հրամանատարները: Խաչատուրով հայրն ու որդիներն էլ հայտնվեցին թիրախում, որովհետև նրանց «մեղքը» Հայրենիքին անմնացորդ նվիրվելն էր և զինվորական երդմանը հավատարիմ մնալը:
Իմ, իմ ծառայակիցների և համակիրների զորակցությունն եմ հայտնում Խաչատուրովներին և բոլորս միաձայն դատապարտում ենք հայրենադավ իշխանությունների հակազգային քաղաքականությունը:
Դիմում ենք կոչով Հայոց բանակի բոլոր ազնիվ գեներալներին, սպաներին, վետերաններին, շարքայիններին՝ սատարել Խաչատուրովներին և թույլ չտալ իշխանություններին՝ իրականացնել իրենց նենգ մտադրությունները:
Ձեռքներդ հեռո՛ւ ազգի հերոսներից։
Սիսական ջոկատի հրամանատար՝ պահեստազորի գնդապետ Աշոտ Մինասյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը