07 03 2023

Չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նման սադրանքներ՝ ՔՊ-ական ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում․ Մոսիյան․ News.am

Չի բացառվում, որ առաջիկայում կլինեն նման սադրանքներ՝ ՔՊ-ական ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում․ Մոսիյան․ News.am

Ադրբեջանի՝ կոշտ ու կտրուկ քայլերից է հենց մարտի 5–ին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը:

«Չեն բացառվում, որ առաջիկայում նույնպես կլինեն այդպիսի սադրանքներ: Իսկ դա հնարավոր է Հայաստանի այդ ՔՊ-ական ղեկավարության լուռ համաձայնության պայմաններում: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւն ու Փաշինյանը պայմանավորված են անում այս ամենը»,- նշեց Մոսիյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի փոխանցմանը, թե Արցախը կամ ընդունում է ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կոշտ եւ կտրուկ քայլեր, Մոսիյանն ասաց.

«Այսպիսի կտրուկ քայլերը հանգեցնելու են էսկալացիայի, որովհետեւ արցախցիներն իրենց ասելիքն արդեն ասել են: Մենք որեւէ պարագայում չենք կարող ինտեգրվել Ադրբեջանին: Արցախցին իր ինքնորոշման հարցն արդեն լուծել է: Այս ամենը Նիկոլի եւ իր վարչախմբի խղճին է, որովհետեւ նրանք Արցախից իրենց ձեռքերը լվացել են եւ տպավորություն է, որ Ալիեւի հետ միասին են այս գործողություններն անում»:

Արթուր Մոսիյանն ասաց, որ արցախյան կողմը ադրբեջանական կողմի հետ հանդիպմանը օրակարգային 4 հարցով էր գնացել, որոնց մեջ ներառված էր Կաշենի հանքավայրի վերաշահագործումը, ինչը մերժվել է:

Նշենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակի հումանիտար եւ ենթակառուցվածքային խնդիրները քննարկելու նպատակով ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ եւ ներկայությամբ՝ փետրվարի 24-ին արցախյան կողմը հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: Ապա պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպման կապակցությամբ, որը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ:

«Երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, սակայն պարոն Շահրամանյանը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման: Նա հավելել է, որ քաղաքական հարցերի քննարկման համար իրենք լիազորված չեն եւ տվյալ հանդիպմանը չեն կարող քննարկել այդպիսի հարցեր»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Երկրի ղեկավարի խոսքով՝ դրանից հետո ադրբեջանական կողմը իր խողովակներով փոխանցել է իրենց, որ կամ ընդունում են ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որեւէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ