25 03 2023

Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը. 168.am

Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը. 168.am

168.am-ը գրում է․

Արդեն 102 օր է՝ Արցախի Հանրապետությունը շրջափակված է Ադրբեջանի կողմից։ 120 հազար արցախահայեր զրկված են արտաքին աշխարհ դուրս գալու հնարավորությունից, ադրբեջանական կեղծ «բնապահպանները», իսկ իրականում՝ թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները փակել են Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունները սկսեցին խոսել «Արցախում ապրող հայերի իրավունքների և անվտանգության» ապահովումից, չբարձրաձայնելով ինքնորոշման իրավունքի մասին, մինչդեռ Արցախը պաշտոնապես հայտարարել է, որ արցախահության իրավունքների ու անվտանգության միակ երաշխիքն ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։

Իսկ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները հայտարարում են, որ Արցախում պետք է լինի միջազգային խաղաղապահ զորակազմ՝ կրկին չհիշատակելով ինքնորոշման իրավունքի մասին։

Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը պատասխանելով 168.am-ի հարցին, նշեց, որ առաջին անգամ չէ, որ Հայաստանի իշխող խունտան իր հայտարարություններով ապացուցում է, որ ամբողջովին հրաժարվել է Արցախից։

«Արցախի հարցի լուծման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որն աշխարհն այսօր ճանաչում է։ Այդ ձևաչափում Արցախի բանակցային գործընթացը տարվում էր երեք հիմնական սկզբունքների վրա՝ ազգերի ինքնորոշում, ուժի և սպառնալիքի բացառում և տարածքային ամբողջականություն։ Բայց այսօր Նիկոլ Փաշինյանն առհասարակ «ինքնորոշման իրավունք» բառը չի օգտագործում, միայն խոսում է «Ղարաբաղում ապրող հայության իրավունքներից ու անվտանգությունից»։ Այսինքն՝ պարզ է, թե ՀՀ իշխանությունները ում ծրագրերն են առաջ տանում, ու այդ ամենն ունի մեկ նպատակ՝ վերջնականապես այնպես անել, որ Հայաստանը դադարի Արցախի անվտանգության երաշխավոր լինելուց»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Նրա բնորոշմամբ, եթե չեն խոսում ինքնորոշման իրավունքից, բայց պարբերաբար կրկնում են, թե «մտահոգվում» են արցախահայության անվտանգության հարցով, ապա դրանք ամբողջովին մանիպուլյացիաներ են։

Ինչ վերաբերում է միջազգային խաղաղապահ ուժերի ներկայությանն Արցախում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերին, ապա մեր հարցին՝ այդ դեպքում արցախահայությունն անվտանգ կլինի՞, Արթուր Մոսիյանը պատասխանեց.

«ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը հիմա գտնվում են Կոսովոյում, ինչպիսի՞ իրավիճակ է այնտեղ տիրում, սա է այդ հարցի պատասխանը։

Նիկոլ Փաշինյանին իշխանության են բերել նաև նրա համար, որ ռուսական գործոնը բացառեն Հարավային Կովկասում։ Փաշինյանն իր արևմտյան տերերի օգնությամբ հենց այս գիծն է առաջ տանում՝ օգտագործելով տարբեր մանիպուլյացիաներ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ