Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրումից հետո Մոսկվան լուրջ մտահոգություն է հայտնում եւ կողմերին զսպվածության եւ դեէսկալացիայի քայլերի կոչ է անում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության սրման կապակցությամբ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի կրկնակի խախտումներ են գրանցվել. Մարտի 5-ին զինված միջադեպ է տեղի ունեցել, որի հետեւանքով մարդկային զոհեր են եղել եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական կողմից»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ Մոսկվան կողմերին կոչ է անում զսպվածության եւ դեէսկալացիայի քայլերի, ինչպես նաեւ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ ռազմական գործողությունների մասին դրույթների պահպանման անհրաժեշտությունը։
«Միջադեպը եւս մեկ անգամ հաստատում է Բաքվի եւ Երեւանի հրամայականը՝ շուտափույթ վերադառնալու բանակցություններին՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի, ինչպես նաեւ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կատարման շրջանակներում, այդ թվում նրանց, որոնք վերաբերում են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը եւ խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը