07 02 2023

Ասում են՝ Արցախը տանք, որ 29,800 քառակուսի կմ պահենք։ Ո՛չ, զիջողից են զիջում պահանջում. Արթուր Խաչատրյան



ԱԺ-ում հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ:

«Ո՞րն է Ղարաբաղի «գինը»

Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում։ Արցախն անգին է, ճիշտ այնպես ինչպես որ անգին են Սյունիքը, Շիրակը, Գեղարքունիքը, Երևանը։ Հողն անգին է, հայրենիքն անգին է․․․

Բայց արի ու տես, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ ու իշխանամերձ «փորձագետներ» սկսել են խոսել Արցախի գնի մասին։ Չէ, խոսքը նրան չի վերաբերվում, թե ինչ գնով է հայ ժողովուրդն ազատագրել Արցախը, քանի երիտասարդ է իր կյանքը զոհել հանուն հայրենիքի, քանի մայր է իր զավակին հողին հանձնել, քանի երեխա է հոր սիրո կարոտով մեծացել։ Իշխանության որոշ ներկայացուցիչներ բացահայտ խոսում են Արցախի համար պայքարելու «գնի» մասին՝ փորձելով մարդկանց ուղեղները թունավորել ազգադ մի ախտով․ «Արժի՞ այդքան վճարել»։

Մի քանի շաբաթ առաջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, իբրև թե պատահաբար, խոսեց, թե Հայաստանին առաջարկում կամ պարտադրում են միանալ Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը։ Հայաստանից հնչած պարզաբանման պահանջներին, թե ո՞վ, ե՞րբ և ու՞մ հետ է իշխանությունը Հայաստանի ինքնիշխանությունը սակարկման առարկա դարձրել Արմեն Գրիգորյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ մադրիդյան սկզբունքներին հակազդում էր քարվաճառյան սկզբունքները, գերադասեց չպատասխանել։ ՌԴ-ից եկած պահանջը չմերժեց, ասաց՝ լսել է․․․ Բայց, Հայաստանում որոշ մարդիկ սկսեցին մտածել, կշռել՝ Արցախ թե՞ ինքնիշխանություն։ Հարց, որը երբեք չի քննարկվել, օրակարգային չի եղել։

Մի քանի օր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերով իրեն փորագետ համարող փորձեց հակադրել Արցախն ու Մեղրին։ Նպատակը պարզ է․ դարձյալ թունավորել հասարակության միտքը․ Արցախի գինը Մեղրին։

Այս ամենի գլուխգործոցը, կուլմինացիան իհարկե այն իբրև թե «պատասխանատու», բայց, իրականում ազգակործան թեզն է, որ պետք է Արցախը տանք, որ 29,800 քառակուսի կիլոմետրը պահենք։ Ո՛չ։ Զիջողից են զիջում պահանջում, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում։ Այսօր Արցախից հրաժարվելու կոչ անողները, վաղը՝ նույն փաստարկներով կոչ են անելու հրաժարվել այն սարերիղ, որոնց վրա տարվա կեսը ձյուն է։ Իսկ, ձնապատ են ոչ միայն Սյունիքի լեռները, այլև Արագածը։

Արցախի Հանրապետությունը հայկական պահելու համար, Հայաստանի Հանրապետությունը պահելու համար պետք է կտրականապես մերժել ու դատապարտել բոլոր այն փորձերը, որոնք փորձում են խոսել Արցախի «գնի» մասին։ Չկա Արցախի ու Հայաստանի շահ, քանի որ հայկական շահն ընդհանրական է։ Իսկ Արցախը փոխանակման ենթակա չէ, հայրենիքի ոչ մի հատված սակարկման ենթակա չէ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ