ԱԺ հայտարարությունների ժամին ելույթով հանդես եկավ նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: Նրա ելույթը ներկայացնում ենք ստորև.
«Այս օրերին Արցախը ծանրագույն օրեր է ապրում։ Շուրջ 2 ամիս է՝ ինչ մեր հայրենիքի մի հատվածը շրջափակման մեջ է։
Հումանիտար աղետը գնալով ավելի է սաստկանում։ Արցախը միայնակ պայքարում է թշնամու դեմ՝ հանուն մեր պետականության գոյության։ Իսկ մենակ է մնացել, քանի որ ՀՀ իշխանությունները հրաժարվել են Արցախից։
Խոսում են միջազգային հանրությունից, Ալմա-Աթայի փաստաթղթերից, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերից, նշաձող իջեցնելուց։ Ասում են՝ չպետք է ՀՀ-ն գրավ դնելու գնով տեր կանգնել Արցախի ժողովրդին։ Մինչդեռ, մեր շատ քաղաքացիների շուրթերով կարգախոս դարձած՝ «Առանց Արցախ չկա՛ Հայաստան» արտահայտությունը բացառապես ռեալ պոլիտիկի դաշտից է։
Անճարունակ, անտարբեր, ոչ կոմպետենտ և ազգային ու պետական շահեր չներկայացնող այս խմբակը մեղադրում է բոլորին, միայն թե հանձ չառնի պաշտպանելու Արցախը ու Արցախի ժողովրդին։
Սիրելի հայրենակիցներ, այս իշխանությունների հետ հույս կապելն անիմաստ է։ Վաղը, եթե բացվի Լաչինի միջանցքը, ինքներս պետք է տեր կանգնենք Արցախին, սատար կանգնենք արցախցուն։
Առաջնահերթություն պետք է տալ Արցախի տնտեսությանը, գյուղատնտեսությանը, պարենային անվտանգությանը։ Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ապահովել Արցախում էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման հարցերը։
Թշնամին ցանկացած պահի կարող է խափանել ինտերնետն ու հեռախոսակապը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը չի մանրամասնում, թե երբ կավարտվեն նոր էլեկտրահաղորդման գծի կառուցման աշխատանքները:
Նույն նախարարությունը հայտնում է, որ Բերձորը շրջանցող նոր գազատարի կառուցման աշխատանքներ նախատեսված չեն: Ստացվում է՝ եթե ոչինչ չփոխենք, առնվազն այս ենթակառուցածքների մասով արցախահայությունը մշտապես կախված է լինելու Ադրբեջանի իշխանությունների քմահաճույքներից:
Այնինչ, ռազմավարական նշանակության վերոնշյալ ենթակառուցվածքները ևս պետք է անցնեն ներկայիս միջանցքով և հասանելի չլինեն թշնամուն։ Իսկ այսօր դրանք դարձել են թշնամու ձեռքին խաղալիք, քաղաքական հարցերի լուծման հաղթաթուղթ և արցախահայությանը ճնշելու միջոց։
Այս ամենը Բերձորն ու Աղավնոն հանձնելու հետևանքով է նաև։ Տարրական հարցերը չլուծած՝ կոմունիկացիայի միջոցները նվիրվեցին թշնամուն։
Հումանիտար աղետի հետևանքով շուրջ 10․000 արցախցի մնացել է առանց աշխատանքի, երեխաները լիարժեք կերպով չեն կարողանում այցելել կրթօջախներ․ սննդի սակավությամբ պայմանավորված՝ պարբերաբար փակվում են մանկապարտեզները։
Մենք պետք է ունենանք հստակ ռազմավարություն՝ նման իրավիճակներում ավելի կազմակերպված գործելու, արտաքին մարտահրավերներին առավել արժանապատվորեն պատասխանելու համար։ Հայաստանը չպետք է դիտորդի դիրքերից նայի, քանզի չկա Արցախի հարց, կա Հայկական հարց։ ՀՀ-ն պետք է վերադառնա ակտիվ բանակցություններին՝ կրկին ստանձնելով իր պարտավորությունները Արցախի նկատմամբ։
Հայ ժողովուրդը և հայոց պետականությունը ծանրագույն օրեր են ապրում, բայց պետք է պայքարել։ Եռամիասնությունը, հայրենիքի հանդեպ սերը, վստահ եմ՝ մեզ ուժ են տալու։ Ընկրկել չկա, սիրելի հայրենակիցներ։ Հայաստանն ու Արցախը եղել են և լինելու են հայկական»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը