«Երեկ, բառացիորեն, պարզ դարձավ, որ հերթական հայի, հերթական Դաշնակցականի մուտքն է արգելվել Հայաստան․ մի բան, որն աննախադեպ է հայկական պետականության պատմության մեջ, որովհետև, մինչև այս իշխանությունները, մենք չենք ունեցել նման դեպքեր, որ Հայաստանում որևէ մեկը կարող է իրեն իրավունք վերապահել ու որոշել, թե որ հայը կարող է գալ Հայաստան, որը ՝ոչ․ դա տեսել ենք թշնամական երկրների դեպքում, բայց՝ ոչ Հայաստանում»,- Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը Հայաստան արգելելուն։
«Նժդեհը մշտապես հայրենիք է եկել բազմաթիվ ծրագրերով, ոոնք իրականացվել են Հայաստանի տարբեր մարզերում, սահամանամերձ գյուղերում, Արցախում․ Ֆրանսիայում Նժդեհը մասնակցել է բոլոր պրոհայական ցույցերին, մասնակցել է նաև ադրբեջանական դեսպանատան դիմաց իրականացրած ցույցերին, հայկական տարբեր միջոցառումների ժամանակ ադրբեջանցիների կազմակերպած սադրանքները կանխած գործողություններին։ Հենց այս ամենի համար էլ նա հայտնվել էր ադրբեջանցիների ուշադրության կենտրոնում և իր համար անընդհատ խնդիրներ էին ստեղծում։ Հիմա էլ պարզվեց, որ նույն գործողությունների համար հիմա Նժդեհը հայտնվել է Հայաստանի համար անցանկալի մարդկանց ցանկում։ Սա շարքի հերթական դեպքն է»,-ասաց Քրիստինե Վարդանյանը՝ փաստելով Զատուլինի, Մուրադ Փափազյանի, Սյունե Աբրահամյանի, Մասիս Աբրահամյանի օրինակներով։
«Որևէ թշնամական երկրի ներկայացուցչի մուտքն արգելված չէ Հայաստանում․ ինչ է ստացվում՝ թուրքերն ու ադրբեջանցիներն պրոհայկական են, հայերն ու Հայաստանի դաշնակիցները հակահա՞յ»,-ասում է Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը