ArmLur.am-ը գրում է.
«Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը հրաժարական է ներկայացրել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ Կարեն Քեռյանը մինչ ազատման դիմում գրելը շատ լուրջ խոսակցություն է ունեցել նախարարության վերնախավի հետ, ինչից հետո հրաժարականի դիմումում շատ վրդովված գրել է, որ իրեն համար ընդունելի չէ նախարար Ժաննա Անդրեասյանի նոր գործելաոճը:
ArmLur.am-ը կապ հաստատեց Կարեն Քեռյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մանրամասն պատճառների մասին ավելի ուշ կխոսի, սակայն ընդգծեց, որ այն քաղաքականությունը, որ վարում է այս պահին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը, նրա համար անընդունելի է:
Հարցին, թե խնդիրը կոնկրետ Ժաննա Անդրեասյանի հետ է կապված. թե ոչ, մեր զրուցակիցն ասաց.«Խնդիրը անձերով պայմանավորված չէ, խնդիրը նրանում է, թե ինչ գործողություններ են տեղի ունենում ու ինչ միջավայրում է տեղի ունենում, չնայած, որ ի վերջո գալիս է անձերի, բայց ով էլ որ լիներ այդ իրավիճակում, միեւնույնն է, եթե նույն բանը արված լիներ իմ հանդեպ, ես նույն էի անելու»:
Քեռյանի խոսքով՝ նախարարությունը որոշում է կայացրել Բարձրագույն որակավորման կոմիտեն եւ Գիտության կոմիտեն միացնելով ստեղծել նոր կառույց, որը կկոչվի Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտե, եւ սա է եղել այն հիմնական պատճառը, որի համար նա ազատման դիմում է գրել:
«Այսինքն առանց իմ իմացության քննարկվել եւ մշակվել է նախագիծ, այն դեպքում, երբ կառույցներից մեկի ղեկավարն ընդհանրապես տեղյակ չէ, դա ինձ համար անընդունելի է»,- վրդովված հայտնեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը