17 01 2023

Վերջերս Սյունիքում էի․ Կոռնիձորը պաշտպանական գիծ չունի, թշնամին տեղավորվել է գյուղի մերձակայքում․ Գառնիկ Դանիելյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ելույթը ԱԺ-ում

«Սիրելի հայրենակիցներ․

Երբ Արցախը ամուր կանգնած էր, ամուր էին նաև Հայաստանի սահմանները՝ հանձին Սյունիքի, սակայն ներկայիս իշխանությունների ապաշնորհ գործունեության պատճառով վտանգված են մեր հայրենիքի մյուս հատվածները ևս։

Վերջերս Սյունիքում էի։ Եղա Սյունիքի ամենահին և պատմական գյուղերից մեկում՝ Կոռնիձորում։ Այն, ինչ տեսա իմ աչքերով և արձանագրեցի, մեղմ ասած, մտահոգիչ էր։

44-օրյա պատերազմից հետո Կոռնիձորը կանգնել է անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ։  Երկու տարի է անցել պատերազմից, սակայն Կոռնիձորը պաշտպանական գիծ չունի․ փոխվել են բնագծերը, թշնամին տեղավորվել է գյուղի մերձակայքում։ 30 տարի դուռը երբեք չկողպած կոռնիձորցին գիշեր-ցերեկ հերթապահում է գյուղի մատույցներում, որ թշնամին տուն չմտնի։

Նշեմ, որ հենց Կոռնիձորով է անցնելու Հայաստանը Արցախին կապող այլընտրանքային նոր ճանապարհի Հայաստանի հատվածը։ Կոռնիձորցիները զրկվել են սեփական հողատարածքներից և հարյուրավոր հեկտար արոտավայրերից՝ ստիպված լինելով վաճառելու իրենց վերջին անասունները։ Չունենալով ապրուստի այլ միջոցներ, շատ կոռնիձորցիներ ստիպվածեն հեռանալ՝ բնակություն հաստատելով մայրաքաղաքում և արտերկրում։

Չորս կողմից թշնամական դիրքերով շրջապատված Կոռնիձորում չկա ոռոգման ջուր։ Այս պայմաններում, ոռոգելի հողերը դարձել են անջրդի, գյուղացիները զրկվել են ապրուստի այս միջոցից ևս՝ մնալով միմիայն նպաստների հույսին։ Հացահատիկի դաշտերը ևս անցել են թշնամուն՝ կոռնիձորցուն զրկելով ապրուստի այս միջոցից ևս։  Կոռնիձորում ապագա կա՞, հարգելի գործընկերներ։ Միտումնավո՞ր է այսպիսի արհամարհական վերաբերմունքը սահմանապահ գյուղերի նկատմամբ։  Այսօր խոսում եմ Կոռնիձորի մասին, սակայն նույն անվտանգային լուրջ մարտահրավերների առաջ են կանգնած բազմաթիվ համայնքներ ևս Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերում։

Գյուղացուն այսպես անպաշտպան թողնելո՞վ եք պատրաստվում խաղաղության օրակարգ հաստատել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ