29 12 2022

Փաշինյանը կօգնի Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի հարցում

Փաշինյանը կօգնի Էրդողանին խաղաղության Նոբելյան մրցանակի հարցում

7 or.am-ը գրում է.

«Թուրքիայի խորհրդարանից առաջարկել են Թուրքիայի նախագահ Էրդողանին տալ Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Զարմանալի չի լինի, եթե Արևմուտքն ընդառաջ գնա թուրքերի այդ առաջարկին։

Եթե հանուն գազի ԵՄ–ում հիացած են Ալիևով, ապա ինչո՞ւ չպետք է հանուն գլխակեր Թուրքիայի հետ լեզու գտնելու մրցանակ չտան Էրդողանին։

Մրցանակի հավակնորդների մեջ Էրդողանի հայտնվելն արդեն արժեզրկում է Խաղաղության Նոբելյան մրցանակի գաղափարը։ Բայց դա Արևմուտքին չի մտահոգում։

Եթե Էրդողանն այդ մրցանակը ստանա, ապա Արևմուտքի երկակի ստանդարտները, երեսպաշտությունը, դեմագոգիան ռեկորդներ կսահմանեն։ Ինչևէ։

Էրդողանը բոլոր շանսերն ունի այդ մրցանակը ստանալու։ Թուրքական բայրաքթարները սպանեցին հազարավոր հայորդիների։ Սիրիայում, Իրաքում, Ուկրաինայում, Լիբիայում մարդիկ զոհվում են նաև թուրքական քաղաքականության արդյունքում։ Ուրիշ էլ ո՞ւմ պետք է խաղաղության մրցանակ տան, եթե ոչ Էրդողանին՝ արյունոտ բերանով այդ պանթուրքիստ–պանիսլամիստին։

Եթե հանկարծ Արևմուտքը տատանվի իր որոշման մեջ, ապա թուրքերը կարող են որպես Էրդողանի կենդանի աջակից ներկայացնել Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս փչացնում է հայ–ռուսական հարաբերությունները, մոռացության տալիս Հայոց ցեղասպանության հարցը, ադրբեջանաթուրքական տանդեմի բոլոր հակահայկական քայլերը գցում է Ռուսաստանի վրա և թուլացնում չոքերը՝ Էրդողանին տեսնելիս։

Թուրքիան Հայաստանը ոչնչացնելու ծրագրեր է իրականացնում, բայց Նիկոլ Փաշինյանը որևէ թթու խոսք չի ասում Էրդողանի հասցեին։ Փոխարենը քարոզչական հիստերիա է բարձրացել Ռուսաստանի դեմ։

Եթե այս ամենին ավելացնենք նաև այն, որ Լաչինի միջանցք է փակվել, Թուրքիայի նախկին արտգործնախարարն էլ հայտարարում է, որ պատմական պահ է առաջացել՝ Հայաստանից ամեն ինչ պոկելու համար, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Այսքանից հետո ինչպե՞ս կարող է Արևմուտքը խաղաղության մրցանակ չտալ Էրդողանին։ Վերջինս այդ մրցանակն արդեն ստացել է Նիկոլ Փաշինյանի տեսքով։ Դրա համար էլ թուրքերն ամեն ինչ արեցին, որպեսզի 2020–ի նոյեմբերի 9–ից հետո Նիկոլը մնա վարչապետի աթոռին։ Նրանք Նիկոլի իշխանությունը պաշտպանեցին՝ ակնկալելով Հայաստանը։ Նիկոլը հետևողականորեն տալիս է խոստացածը։ Խաղաղության Նոբելյան մրցանակը հենց այսպես էլ գտել է իր հասցեատիրոջը։ Հիմա մնում է ձևական պահը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ