15 12 2022

Հայաստանի իշխանությունները հասկացել են իրենց հիմարությունը․ Զատուլինը՝ Հայաստան իր մուտքի արգելքի մասին

Հայաստանի իշխանությունները հասկացել են իրենց հիմարությունը․ Զատուլինը՝ Հայաստան իր մուտքի արգելքի մասին

Հայաստան իմ մուտքի արգելքի վերաբերյալ որեւէ պարզաբանում չեմ ստացել, թեեւ միշտ խոսակցություններ կան, որ այն շուտով կհանվի։ Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

«Հայաստանի ղեկավարությունը հիմարություն արեց, ցույց տվեց, որ իր համար կուսակցական նախապատվություններն ավելի կարեւոր են, քան Հայաստանին աջակցությունը արտասահմանում։ Նրանք դա հասկացան ու հիմա փորձում են իրենք իրենց պաշտպանել։ Նրանց շահերից կբխեր, որ ես մեղքն ինձ վրա վերցնեի, եւ դրա հիման վրա նրանք կհանեին արգելքը։ Ես ներողություն խնդրելու ոչինչ չունեմ։ Ես երկար տարիներ աջակցել եմ ռուս-հայկական հարաբերություններին, քանի որ այդպիսին են Ռուսաստանի ազգային շահերը։

Ես Հայաստանում ոչ մեկին պարտական չեմ, ես պարտական եմ միայն լավ բարեկամական հարաբերություններին, ես գնահատում եմ այդ հարաբերությունները եւ չեմ պատրաստվում խզել դրանք։ Եթե իշխանություններն իրենք են արել այդ քայլը, ապա թող բարի լինեն իրենք էլ չեղարկեն։ Ես ամենափոքր հնարավորության եւ բոլոր արգելքների վերացման դեպքում կաշխատեմ լինել Հայաստանում, նորից հանդիպել մարդկանց հետ, որոնց անկեղծորեն վստահում եմ»,- նշել է Զատուլինը։

Պատգամավորը հիշեցրել է, որ նոյեմբերին այլեւս չի կարողացել այցելել Հայաստան, քանի որ Հայաստանի իշխանությունները նրա այցն անցանկալի են հայտարարել։

«Ադրբեջանի իշխանությունները մի քանի տարի առաջ՝ դեռ 2011 թվականին են արգելել մուտքն Ադրբեջան»,- եզրափակել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ