ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինը «Երկիր Մեդիային» տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ՌԴ դիրքորոշմանը․
«Պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը, որը կասկածի տակ չարժի դնել, կայանում է նրանում, որ երկու հարևան երկրների միջև խաղաղության պայմանագիրը ցանկալի է, հատկապես 2020թ-ի արյունալի պատերազմից հետո, սակայն խաղաղության պայմանագրի ստորագրման փաստն ինքը չի վերացնում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման, կարգավիճակի և այնտեղ ապրող հայկական բնակչության ազատության և իրավունքի պաշտպանության խնդիրը»։
Խոսելով բանակցային գործընթացի, մասնավորապես՝ Ադրբեջանի վարած քաղաքականության մասին, Զատուլինը նշել է․
«Ադրբեջանի ղեկավարությունը վերջին ժամանակները չափազանց ակնհայտ, հրապարակայնորեն, համառորեն ասում է այն մասին, որ ընդհանրապես չկա ԼՂ խնդիր, ասում են, որ ԼՂ էլ չկա, այլ կա ինչ-որ տնտեսական շրջան, համապատասխանաբար չկա ո՛չ ինքնավարություն, ո՛չ ինչ-որ կարգավիճակի անհրաժեշտություն։ Այն, ինչ նրանք խոստանում էին երեսուն տարիների ընթացքում՝ մինչև 2020թ-ի պատերազմը, տեղի ունեցած բանակցային գործընթացի ժամանակ, ամենալայն ինքնավարություն, և այլն․․․ այսօր ոչ մի հետք չկա այդ խոսակցությունից, կարծես թե նույն այդ մարդիկ չէին տանում այդ բանացությունները ողջ այդ ժամանակի ընթացքում։ Նրանք շտապում են օգտվել այսօրվա Հայաստանի ներքին և արտաքին բարդ վիճակից»։
Զատուլինը չի բացառել, որ վերջին սրացումները փոխկապակցված են ռուս-ուկրաինական պատերազմի հետ․ «Չնայած յուրաքանչյուրը կարող է ունենալ իր կարծիքը, բայց ես վստահ եմ, որ վերջին սրացումները
փոխկապակցված են նրա հետ, որ Ադրբեջանի և նրա ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանն այս պահին չափազանց զբաղված է Ուկրաինայում իր գործերով, նույն այդ տպավորությունը ստեղծվում է նաև Արևմուտքի երկրների մոտ, որոնք ակտիվացել են Կովկասի ուղղությամբ, ցանկանում են որքան հնարավոր է արագ դուրս մղել Ռուսաստանին միջնորդական առաքելությունից»:
«Փաշինյանի, նրա կողմնակիցների, և նրան աջակցողների դեգերումները, նրանց բացահայտ, որոշ դեպքերում թշնամական վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ, որը հատկապես դրսևորվում է այս օրերին, խնդիրներ է առաջացնում այն առումով, որ մենք վստահենք այնպիսի դաշնակցի, ինչպիսին Հայաստանն է՝ իր ներկա կառավարությամբ»,- ասել է Զատուլինը՝ խոսելով ՀՀ ներկա իշխանության ՌԴ հանդեպ վերաբերմունքից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը