Ստացվեց այնպես, որ ընդամենը օրերի տարբերությամբ հրապարակավ հանդես եկան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Արցախի առաջին ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հատկանշական է, որ իրավիճակի ընդհանուր գնահատականը բավականին նույնական էր. վիճակը վատ է, եթե չասվի՝ օրհասական: Ըստ որում, եթե Տեր-Պետրոսյանը կարծում է, որ ինչ-որ բան անելու համար դեռ մոտ կես տարի ժամանակ կա, ապա Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ ժամանակը շատ ավելի սուղ է, քան կարող է թվալ. մոտ 3 ամիս:
Թերևս այսքանով էլ սահմանափակվում են Հայաստանի նախկին ղեկավարներից երկուսի գնահատականների որոշ նմանությունները: Ավելին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա խոսքից առավել քան բացահայտ ընդգծվեցին մոտեցումների, եթե կուզեք՝ գաղափարաբանության առանցքային տարբերությունները:
Սկզբունքորեն, ի՞նչ էր ասում Լևոն Տեր-Պետրոսյանը: Եթե հնարավորինս պարզեցրած և հակիրճ, ապա Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ վատ է, ավելի վատ է լինելու, եկեք, քանի դեռ շուտ է, հանձնվենք, ընդունենք թուրք-ադրբեջանական տանդեմի առաջադրած կապիտուլյացիայի պահանջը, այդ նպատակով համախսբվենք (!!!) երկիրն այս վիճակին բերած Նիկոլ Փաշինյանի շուրջ: Առհասարակ, Լևոն Տեր-Պետրոսյանը իր պաշտոնավարման շրջանում էլ հիմնականում հուսահատեցնող ու «վատ է լինելու, վատ է լինելու» կարգի մեսիջներով էր աչքի ընկնում:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասածը ավելի պարզեցնելու կարիք ստուգապես չկա, քանզի նա ասուլիսում արտահայտվեց հնարավորինս պարզ, ընկալելի: Ըստ որում, Ռոբերտ Քոչարյանն արտահայտվեց միանգամայն անկեղծ ու, ի դեպ, առանց որևէ կոպիտ բնորոշման:
Նախագահ Քոչարյանի ասելիքը նույնքան հստակ է. ա) կապիտուլյացիայի ենթարկվելու համար չեն համախմբվում, բ) վիճակը վատ է, բայց հնարավոր է պայքարել և հասնել հնարավոր շահեկան դիրքին, գ) պայքարողի կողքին են կանգնում, պայքարողն է կարողանում հասնել հաջողության, դ) իրավիճակից դուրս գալու առանցքային պայմանը Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ձերբազատվելն է, ե) եթե Նիկոլ Փաշինյանը մտահոգ է իր անձի ճակատագիրով, ապա Փաշինյանին պատրաստ են տալ այդ «հումանիտար միջանցքը», եթե նրա հեռանալու գինը դա է, զ) եթե ասպարեզ գա որևէ այլ գործիչ, ով շատ ավելի մեծ հանրային համախմբում կապահովի, ապա Ռոբերտ Քոչարյանը պատրաստ է հնարավորինս աջակցել նման գործչին, է) պետք է օգտագործել հնարավոր բոլոր տարբերակները բանակը զինելու համար, ը) պետք է օգտագործել բոլոր այն երկրների հնարավորությունը, որոնք ունեն խնդիրներ մեր թշնամի երկրների հետ, թ) աններելի է այս պահին բարեկամ Իրանի հետ չհամագործակցելը և այլն։
Ինքնըստինքյան մտաբերում ես նշված երկու գործիչների մոտեցումների տրամագծորեն հակամետ, կարելի է ասել՝ հակոտնյա մոտեցումները. Տեր-Պետրոսյանն Արցախը համարում էր բեռ և ասում՝ «լավ չես ապրի Սերգո ջան, մինչև Արցախի հարցը չլուծվի»: Մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը Արցախի խնդիրը ընկալում է որպես Հայաստանի լրացուցիչ քաղաքա-տնտեսական առավելություն, ավելին՝ իր գործունեությամբ ապացուցել է, որ հնարավոր է և՛ պաշտպանել Արցախն ու Հայաստանը, և՛ տնտեսապես թռիչքաձև զարգանալ՝ կտրուկ բարելավելով ժողովրդի բարօրությունն ու կենսամակարդակը:
Առանձնահատուկ անդրադարձի կարիք կա 1992 թվականին, որի մասին նախագահ Քոչարյանն ասուլիսում թեթևակի հիշատակեց: Բայց դա իրոք առանձին անդրադարձի խնդիր է:
Տվյալ դեպքում հատկանշական է այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը, ի դեպ, ծայրահեղորեն իշխանամետ հեռուստաալիքի ուլտրա-իշխանամետ ներկայացուցչին, գերազանցապես բացասական ընդունվեց ու բազմաթիվ քննադատական, անգամ՝ ծաղրական արձագանքների արժանացավ: Ըստ որում, Տեր-Պետրոսյանի հարցազրույցը գրեթե ողջունվեց նիկոլականների կողմից, քանզի առաջին նախագահը գործնականում ստանձնել էր Փաշինյանի փաստաբանի՝ պատիվ չբերող դերը:
Եվ հակառակը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վերջին ասուլիսում հնչեցրած վերլուծությունը, գնահատականներն ու իրավիճակից ելնելու վերաբերյալ դիտարկումներն անհամեմատ ավելի դրական ընկալվեցին հանրության մեծ մասի կողմից: Կարևոր և հստակ էր Ռոբերտ Քոչարյանի ասելիքը, ըստ այնմ՝ ընկալելի էր բոլոր նրանց, ովքեր չեն պատրաստվում վզները դեմ տալ թուրքական յաթաղանին, ովքեր չեն ընդունում, որ մեր գոյության միակ իմաստը սուսուփուս կոտորվելը կամ թրքանալն է:
Այո, պայքարողի կողքին են կանգնում, պայքարողին են աջակցում, պայքարողի հետ են համախմբվում, իսկ կոտորվել, անձնատուր լինել ցանկացողի հետ որ ի՞նչ համախմբվես:
Հա, բնութագրական է, որ նախագահ Քոչարյանի ասուլիսից հետո, նիկոլական էժանագին ագիտպրոպը, որը կարող է ազդեցություն ունենալ միմիայն անուղեղ էակների վրա, կաշվից դուրս գալով, ձգտում էր խեղաթյուրել ասուլիսում հնչած գնահատականներն ու առանձին արտահայտություններ: Ասենք, դա ոչ միայն բնութագրական է, այլև, նիկոլականների պարագայում՝ պաթոլոգիա:
Արմեն Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը