16 09 2022

ՊՆ մամուլի խոսնակն «արծրունություն» է անում

ՊՆ մամուլի խոսնակն «արծրունություն» է անում

Այսօր արդեն 3-րդ օրն է ինչ հրադադարի ռեժիմ է՝ գոնե պաշտոնական տվյալներով: Սեպտեմբերի 14-ին պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է: Սակայն ՊՆ-ն համառորեն չի հրապարակում Ադրբեջանի սկսած պատերազմի արդյունքում հայկական կողմի զոհերի ու վիրավորների անուններն ու վիրավորների թիվը:

Yerevan.Today-ը դեռ սեպտեմբերի 14-ին պաշտպանության նախարարի խոսնակից հետաքրքրվեց, թե այդ պահի դրությամբ քանի վիրավոր ունենք։ Արամ Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ պատճառաբանելով, որ այդ թվերը անընդհատ թարմացվում են և այդ կապակցությամբ որոշում ունեն՝ միայն պետք է հրապարակեն հստակ ճշգրտված թիվ: Հիմա, երբ արդեն օրեր շարունակ, ըստ նախարարության, թշնամին չի կրակում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ թվեր ու անուններ չեն հրապարակում:

Նշենք, որ զոհերի ու վիրավորների թվի մասով հրաժարվում են խոսել նաև խորհրդարանական երկրի խորհրդարանում: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները հետաքրքրվեցին ՔՊ պատգամավորներից, թե ինչ չեն հրապարակվում զոհերի անունները, որին ի պատասխան իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հեգնեց, թե. «Ես չեմ հասկանում ձեր այդ պահանջը, որ այդ մարդկանց անուն-ազգանունները օր առաջ հրապարակվեն, ռազական իրավիճակ է և մենք առաջնորդվում ենք այդ տրամաբանությամբ»:

Ի դեպ, նշենք, որ 44-օրյա պատերազմից նույնիսկ երկու տարի անց զոհերի ու վիրավորների թիվն ու անունները չեն հրապարակվել: Այնպես որ վիրավորների, զոհերի թիվ ու անունները չհրապարակելը ոչ թե ճշգրտելու հետ է կապված, այլ՝ թաքցնելու։ Հայաստանի կառավարությունը թաքցնում է իր հերոսների մասին տվյալները։

 

 

 


 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ