Կառավարությունը ցանկանում է կանոնակարգել Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացը:
Նախագծով նախատեսվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը։
2022 թվականի համար մարտի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 300 000 կգ (300 տոննա) սիգի չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2022 թվականի ապրիլի 21-ից, նախապատրաստվել է 571 պայմանագիր՝ 300 000 կգ ձկան համար, փաստացի կնքվել է 567 պայմանագիր՝ 295 798 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար:
2022 թվականի աշնանային որսաշրջանի կազմակերպման նպատակով՝ կազմակերպվել են մի շարք քննարկումներ ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ։ Սևանա լճում ձկան արդյունագործական որսի կանոնակարգման և աշնանային որսաչափի վերաբերյալ լրացուցիչ տվյալների ձեռքբերման պահանջից ելնելով Գիտական կենտրոնի կողմից իրականացվել է Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար լրացուցիչ ուսումնասիրություններ, մասնավորապես կարևորվել է 1+ տարեկան սիգ ձկնատեսակի կենսավիճակի և չափաքանակի գնահատումը։
Ուսումնասիրությունների արդյունքնում ձեռք բերված տվյալների հիման վրա Գիտական կենտրոնի կողմից 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվել է սիգի արդյունագործական որսի ևս 300 տոննա չափաքանակ՝ հնարավորություն ըձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Նախագծով առաջարկվող փոփոխությունը նպատակաուղղված է կանոնակարգել Սևանա լճում արդյունագործական որսի գործընթացը։ Սահմանվել է աշնանային որսի իրականացման ժամկետներ և որսաչափ։
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է շուրջ 19 500 000 ՀՀ դրամ բնօգտագործման վճարի վճարում պետական բյուջե։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը