06 08 2022

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները. Ստեփան Դանիելյան

Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ' Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Փորձենք վիճակը ճիշտ հասկանալ։ Եթե կարճ բնութագրեք, հետխորհրդային տարածքում կոմպլեմենտարիզմի ժամանակները վերջացել են։ Աշխարհի ավելի հեռավոր հատվածներում դա հնարավոր է, դեռ։ Հիմա կամ Ռուսաստանի հետ ես,կամ Ռուսաստանի դեմ ես։ Եթե մի կողմի հետ ես խաղեր տալիս, մյուս կողմից ես պատժվում, եթե մյուս կողմի հետ ես, հակառակ կողմից ես պատասխան ստանում։ Доверяй, но проверяй բանաձեւում Доверяй-ն արդեն չկա, մնացել է միայն Проверяй-ը, որովհետեւ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ պատերազմ է ընթանում, դեռ միջնորդավորված' Ուկրաինայում։ 

Բնականաբար, ոչ ոք չի ցանկանում ընտրություն կատարել, բայց ստիպում են։ Ընտրություն կատարելու դեպքում կամ մսաղացում ես կարող հայտնվել, ինչպես Ուկրաինան հիմա, կամ տնտեսական պատիժների ես ենթարկվում, եթե "հակաավտորիտար" հեղափոխություն չի ստացվում երկրում կազմակերպել։ Սա է ընդհանուր վիճակը։

Հիմա գանք մեր ռեգիոն։

Վրաստանում ցանկանում էին հակառուսական ճակատ բացել, սակայն իշխանությունը դա թույլ չտվեց, ով հետեւում է Վրաստանի դեպքերին, գիտի ԱՄՆ ու ԵՄ դասպանների հետ կապված սկանդալը։

Թուրքիան կարողացել է դիվանագիտական առումով վիրտուոզ քաղաքականություն վարել, որը կմտնի դիվանագիտության պատմության մեջ' Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ միջնորդ դառնալ, երկուսի համար դառնալ անհրաժեշտ գործընկեր, երկուսին էլ շանտաժի ենթարկել ու դիվիդենտներ շահել։ Թուրքիա ասելով պետք հասկանանք նաեւ Ադրբեջան։ Հիմա ոչ Արեւմուտքը, ոչ Ռուսաստանը Թուրքիա-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի չեն գնա, երկուսն էլ մեծ կորուստներ կունենան դրանից։ Թուրքիան հնարավորությունների եզրագծի վրա է խաղում։ Սա Ադրբեջանի աստղային ժամանակն է, որից պետք է օգտվի մաքսիմալ կերպով։

Հայաստանը թույլ օղակն է, որի հաշվին մյուսները լուծում են իրենց խնդիրները, զիջում, համաձայնության գալիս միմյանց հետ։ Սա աշխարհի օրենքն է եւ միջպետական հարաբերություններում, եւ' անհատական։

Հայաստանը նաեւ ներազգային պառակտման մեջ է, չունի դիվանագիտություն, չունի տնտեսություն, քաղաքական համակարգը տապալված է, որտեղ իշխանությունը պարտության պրոպագանդա է վարում, քաղաքական, հանրային դաշտը ներծծված է արտաքին շահերը սպասարկող ազդեցության գործակալներով, մամուլը' նույնպես։

Սա է իրականությունը։ Բնության մեջ լինում են դժվար լուծելի հարցեր, լինում են համարյա անհնարին լուծվող, բայց' համարյա։ Իրականում կամքի, երեւակայության ու գիտելիքի համադրմամբ ցանկացած հարց լուծվող է ու դրա համար պետք է կարողանալ միմյանց լսել, միմյանց հասկանալ, հանդիպել ու խոսել, քննարկել, քննարկել ...., եւ գտնել ներքին համաձայնության համար եզրեր, կազմակերպման ձեւեր'  սկզբից 5 մարդ, հետո 20 մարդ, հետո ավելի շատ։ Այստեղ քանակը երկրորդական է, եթե 20 մարդ կարողանան համաձայնության գալ, ինչն ամենադժվարն է, 200 000 ավելի հեշտ գործ է։ Հետո արդեն կկարողանանք արդեն արտաքին հարցերից էլ խոսել, բայց ներքին ինստիտուտի ստեղծման ավելի մեծ բաների մասին խոսելն անիմաստ է։

Մենք սկզբից պառակտվել ենք, հետո ենք արտաքին դաշտում պարտվել, լուծումը նույնպես նույն հաջորդականությամբ պետք է լինի»,- նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ