168.am-ը գրում է.
«168.am-ը հուլիսի 25-ին գրավոր հարցում էր ուղարկել Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին՝ ճշտելու՝ արդյո՞ք աշխատանքից ազատվել է Կենտրոնական բանկի գործադիր կոմիտեի անդամ Արա Չալաբյանը։
Ընդգծենք՝ հարցումն ուղարկել ենք ոչ թե Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայություն, այլ՝ անձամբ Մարտին Գալստյանին։
«Պահանջե՞լ եք արդյոք Արա Չալաբյանից՝ ներկայացնել աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում, եթե այո՝ ի՞նչ հիմնավորմամբ»։
Կենտրոնական բանկից մեր այս հարցերին պատասխանել են. «Աշխատակիցների աշխատանքի ընդունման և ազատման հարցում Կենտրոնական բանկն առաջնորդվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ներքին կարգապահական կանոններով, ըստ որոնց էլ՝ կառույցում տեղի են ունենում աշխատանքի ընդունման և ազատման բոլոր գործընթացները:
Ձեր կողմից ներկայացված հարցադրումների զգալի մասն առնչվում է անձի անձնական տեղեկատվությանը, և Կենտրոնական բանկը, Աշխատանքային օրենսգրքի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն, չի կարող երրորդ անձանց տրամադրել անձնական տվյալներ պարունակող տեղեկատվություն՝ առանց աշխատակցի գրավոր համաձայնության»:
Մարտին Գալստյանից նաև հետաքրքրվել ենք՝ ի՞նչ կասեք մամուլի այն հրապարակումների վերաբերյալ, ըստ որի, Արա Չալաբյանին աշխատանքից ազատելու հրահանգ ստացել եք անձամբ Նիկոլ Փաշինյանից, և ճի՞շտ են արդյոք տեղեկությունները, որ Արա Չալաբյանին աշխատանքից չազատելու դեպքում Նիկոլ Փաշինյանը խոստացել է Ձեզ հեռացնել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից։
Մեր հարցումը ստանալուց և 5 օր մտածելուց հետո Մարտին Գալստյանը Փաշինյանից հրահանգ ստանալ-չստանալու, դա կատարել-չկատարելու վերաբերյալ պատասխանել է.
«Ի պատասխան հուլիսի 25-ի Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ Կենտրոնական բանկը, ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, անկախ և ապաքաղաքական գործող կառույց է:
Այդ առումով Կենտրոնական բանկը մշտապես զերծ է մնացել մամուլում և այլ հարթակներում շրջանառվող քաղաքական բնույթի տեղեկությունները մեկնաբանելուց։ Աշխատակիցների աշխատանքի ընդունման և ազատման հարցում Կենտրոնական բանկն առաջնորդվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով և ներքին կարգապահական կանոններով, ըստ որոնց էլ կառույցում տեղի են ունենում աշխատանքի ընդունման և ազատման բոլոր գործընթացները»:
Շեշտենք՝ 168.am-ի շատ կոնկրետ հարցին՝ Փաշինյանից Արա Չալաբյանին աշխատանքից ազատելու հրահանգ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Մարտին Գալստյանը օրենսդրությանը և ներքին կարգապահական կանոններին հղում տալով՝ նախընտրել է շարադրել մի քանի նախադասություն, որոնք, սակայն, մեր կոնկրետ հարցի պատասխանը չեն տվել։
Նշենք, որ մինչ Մարտին Գալստյանը 5 օր շարունակ մտածում էր, թե Փաշինյանից Արա Չալաբյանին աշխատանքից ազատելու հրահանգի վերաբերյալ հարցին ի՞նչ պատասխաներ, այդ ընթացքում՝ հուլիսի 27-ին, Արա Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրեց, որ հուլիսի 27-ից այլևս չի աշխատում Կենտրոնական բանկում։
Ինչ վերաբերում է մեզ տրված պատասխանում Կենտրոնական բանկը որպես ապաքաղաքական մարմին ներկայացնելուն, ապա դրա վերաբերյալ երկու դիտարկում՝ եթե Մարտին Գալստյանի ղեկավարած Կենտրոնական բանկն իսկապես ապաքաղաքական է, այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ ապաքաղաքական Արա Չալաբյանն աշխատանքից հեռացվում է այն ժամանակ, երբ նրա եղբայր՝ Ավետիք Չալաբյանը, դառնում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր պայքարի առանցքային և ակտիվ մասնակից, կամ, եթե Կենտրոնական բանկն իսկապես ապաքաղաքական մարմին է, այդ դեպքում ինչո՞ւ Մարտին Գալստյանը թույլ չի տվել, որ այդ բանկում իր աշխատանքային գործունեությունը շարունակի ընդդիմադիր գործչի եղբայրը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը