19 04 2022

Ղարաբաղի հետ կապված խնդիրներ շատ են մնացել. Պուտին

Ղարաբաղի հետ կապված խնդիրներ շատ են մնացել. Պուտին

Այս այցն ունի ոչ միայն պրակտիկ, այլեւ խորհրդանշական նշանակություն, որովհետեւ նվիրված է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 30-ամյակին եւ ցույց է տալիս, որ մեր 2 երկրների հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են: Այս մասին ապրիլի 19-ին, Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հույս հայտնեց, որ այս այցի արդյունքներով այդ դինամիկան ավելի արդյունավետ կլինի. «Մենք մշտապես կապի մեջ ենք, շատ հաճախ հանդիպում ենք, հեռախոսազրույցներ ենք ունենում: Սա նաեւ այն պատճառով է, որ երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է պրատիկորեն բոլոր ոլորտներում՝ սկսած տնտեսությունից, վերջացրած մշակույթով, կրթությամբ, ռազմատեխնիկական համագործակցությամբ»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ երկու երկրները արդյունավետ համագործակցում են ԵԱՏՄ-ում, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում:

«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել մեր տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման գործում: Պետք է նորից ընդգծեմ ձեր բացառիկ դերը 2020-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման գործում: Դրանից հետո ռուսական խաղաղապահներն են գործում Լեռնային Ղարաբաղում: Ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների գործունեությունն ապահովում է անվտանգությունը: Պետք է նայել, թե ինչ կարելի է անել, որպեսզի խաղաղապահների գործունեությունը դառնա ավելի արդյունավետ:

Եվ իհարկե, գլխավոր հարցը մեր տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումն է: Ես վստահ եմ, որ մենք այսօր այդ մասին էլ կխոսենք: Ես վստահ եմ, որ մեզ կհաջողվի անցկացնել արդյունավետ բանակցություններ»,-հայտարարեց ՀՀ վարչապետը:


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցով խնդիրներ շատ են մնացել։

«Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում կլինեն անվտանգության հարցերը, այդ թվում՝ Ղարաբաղի հետ կապված։ Ձեզ հետ համաձայն եմ, խնդիրներ շատ են մնացել։ Մենք ձեզ հետ անընդհատ կապի մեջ ենք՝ եթե ոչ ամեն շաբաթ, ապա ամեն 10 օր հաստատ հեռախոսազրույց ենք ունենում։ Եվ պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, չնայած որ համավարակի շրջան է։ Ուրախ եմ ձեզ տեսնել, բարի գալուստ»,- ասաց Պուտինը։


ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի և ՌԴ-ի միջև կնքվել է ավելի քան 200 համաձայնագիր, որը ստեղծում է լավ հնարավորություն աշխատելու գրեթե բոլոր ոլորտներում, որից ամենանշանակալին տնտեսական ոլորտն է։

«2021 թվականի մեր տվյալներով ապրանքաշրջանառության աճը եղել է 80 տոկոս։ Այս տարվա առաջին ամիսներին ևս 50 տոկոսով ավելացել է։ Դա շատ լավ ցուցանիշ է այս ժամանակաշրջանում»,- եզրափակեց Պուտինը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ