23 03 2022

Մենք խաղաղության համար պետք է պայքարենք, անկախ նրանից՝ Ադրբեջանը ուզում է, թե՝ ոչ. Լուսինե Բադալյան․ «Փաստինֆո»



«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը պնդում է՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, բայց Հայաստանը ամեն ինչ անելու է խաղաղություն հաստատելու համար, անկախ նրանից՝ Ադրբեջանը ուզում է խաղաղություն, թե՝ ոչ.

«Իշխանությունը ամեն ինչ կանի , որպեսզի խաղաղության դարաշրջան հաստատի՝ նույնիսկ լուտանքների և նվաստացուցիչ պիտակավորումների գնով, որոնք մեզ փակցվում են: Խաղաղության այլընտրանքը պատերազմն է, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այս պահին պատերազմի մեջ մտնելով կարելի է հաղթել և մեր ազգային երազանքները իրականություն դարձնել, ապա մենք այս պահին, հրաշալի իմանալով մեր ռեսուրսները և հակառակորդի ռեսուրսները, չենք ուզում որևէ մեկ կյանքի գնով ինչ-որ քայլի գնալ»,- Փաստինֆոյին ասել է Բադալյանը:

Դիտարկմանը, որ այսօր էլ սահմանին շարունակում ենք զոհեր ունենալ, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց.

«Լինում են, բայց ի՞նչ է սա նշանակում, նոր պատերազմի մեջ մտնենք և ավելի շատ զոհեր ունենանք»:

Լրագրողը իշխանական պատգամավորին հիշեցրել է, որ Ադրբեջանն իր քայլերով հստակ ցույց է տալիս, որ պատրաստ չէ խաղաղության, որքան էլ հայկական կողմը ցանկանա՝ Լուսինե Բադալյանն արձագանքեց՝ պնդելով, որ հասնելու են խաղաղության՝ անկախ նրանից Ադրբեջանը ուզում է, թե՝ ոչ.

«Ադրբեջանը պատրաստ է պատերազմի, մենք պատրաստ ենք խաղաղության, որպեսզի երկիրը մի քիչ շունչ քաշի, հզորանա, մեզ պետք է ժամանակ, ռեսուրս, որը երբեք ձեռք չես բերի ընթացիկ պատերազմի ժամանակ, հետևաբար, այո ՝ մենք խաղաղության համար պետք է պայքարենք, անկախ նրանից՝ հակառակորդը ուզում է , թե՝ ոչ, բայց մենք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի բոլորին բերենք խաղաղության դաշտ և չունենանք ավելի շատ կորուստներ»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ