21 09 2019

Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու․ Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու․ Մակրոնը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։

«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն:

Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:

Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում: Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:

Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:

Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»,-ասվում է ուղերձում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ