06 05 2019

Գարեգին Երկրորդը հանդիպել է Կրետեի Արքեպիսկոպոսի հետ

Գարեգին Երկրորդը հանդիպել է Կրետեի Արքեպիսկոպոսի հետ

Կրետե (Հունաստան) հովվապետական այցի երրորդ օրը` մայիսի 6-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ այցելեց Կրետեի Հույն Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոսարան, ուր հանդիպեց Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը:

Իրենեոս Արքեպիսկոպոսը, մեծ սիրով և հարգանքով ողջունելով Ամենայն Հայոց Հայրապետին, ընդգծեց, որ Նորին Սրբության այցն արդեն անջնջելիորեն արձանագրվել է Կրետեի պատմության մեջ: Արքեպիսկոպոսը հաստատեց, որ պատմական այս այցելությունը, լինելով առաջին այցը ոչ միայն Կրետե, այլև Հունաստան, պայծառացրեց տոնախմբությունը հայկական եկեղեցու 350-ամյակի, որը Եվրոպայում հնագույն հայկական եկեղեցիներից է:

Իր խոսքում Նորին Սրբազնությունը վերահաստատեց, որ Վեհափառի ներկայությունը ուրախության աղբյուր է և շնորհ ոչ միայն հայ համայնքի, այլև Կրետեի ողջ ժողովրդի համար, ապա անդրադարձ կատարեց Եկեղեցիների առաքելությանը:

Իր բարեմաղթանքներն ուղղելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին` Արքեպիսկոպոսը Նորին Սրբությանն ընծայեց իր երջանկահիշատակ նախորդի ասան, սրբապատկեր և գրքեր Կրետեի հոգևոր կյանքի և սրբազան ժառանգության մասին:

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը փառք վերառաքեց առ Աստված Կրետե կղզի այցելելու շնորհի արժանանալու համար, որտեղ դեռ Ը դարից հայ ժողովրդի զավակներ կայք են հաստատել: Նորին Սրբությունը շնորհակալություն հայտնեց Իրենեոս Արքեպիսկոպոսին և Կրետեի նահանգապետին այցի առաջին իսկ պահից ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար, որը վկայությունն է հայ ժողովրդի նկատմամբ հույն ժողովրդի սիրո և հարգանքի: Վեհափառը մասնավորաբար ասաց, որ այցելությունը կատարել է այն համոզմամբ, որ այն պիտի ավելի զորացնի երկու ժողովուրդների միջև հարաբերությունները, որոնք միշտ հատկանշված են եղել եղբայրության ոգով և սիրով:

Խոսելով երկու ժողովուրդների պատմական առնչակցությունների և ընդհանրությունների մասին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ պատմության ընթացքում նրանք կիսել են ոչ միայն ուրախություններն ու հաջողությունները, այլև ցավն ու տառապանքը, նաև շարունակում են կրել իրենց սրտին ցեղասպանության չսպիացող վերքը: Պատմական արդարության վերականգնման գործում Նորին Սրբությունը կարևորեց ջանքերի մեկտեղումը, միմյանց զորակցելը հանուն երկու ժողովուրդների իղձերի և երազների իրականացման:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արքեպիսկոպոսին տեղեկացրեց նաև Տիեզերական Պատրիարքության հետ առկա սերտ կապերի և Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կատարած այցելությունների մասին, ներկայացրեց Քրիստոսի Եկեղեցու բազմազանության վերաբերյալ իր մտորումները:

Խոսքի ավարտին Վեհափառ Հայրապետն աղոթեց սիրո և գործակցության մեջ Եկեղեցիների կապերի զորացման համար, որպեսզի միասնաբար կարողանան դիմագրավել աշխարհին հուզող բոլոր դժվարությունները` առաջնորդելով մարդկությանը համերաշխության, խաղաղության և արդարության  ճանապարհներով` Տեր Հիսուս Քրիստոսի փառքի համար:

Հանդիպման առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը Իրենեոս Արքեպիսկոպոսին ընծայեց Աստվածամոր սրբապատկեր և պանակե:

Կրետեի նահանգապետը ևս ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե` վերահաստատելով, որ Կրետեի ժողովուրդը հայ համայնքի հետ մեկ ամբողջություն է և միասին աշխատում են մեկ նպատակի` ավելի լավ ու բարօր կյանքի համար:

Ջերմ զրույցից հետո Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսի ուղեկցությամբ այցելեց Հերակլիոնի Սուրբ Մինաս մայր տաճար, ապա Սուրբ Կատարինե պատմական տաճար-թանգարան:

Նույն օրը երկու հովվապետերը հոգևորականաց և Ս. Հովհաննու Կարապետ եկեղեցու վարչության անդամների ուղեկցությամբ այցելեցին Կրետեի հնագույն վանքերից Էպանոսիֆի վանքը, ուր տաճարում մոմավառությունից հետո Վեհափառ Հայրապետին ներկայացվեց վանաբնակների առօրյան ու գործունեությունը:

Վերջում միաբանները վանքի սեղանատանը մեկտեղվեցին սիրո սեղանի շուրջ` ստանալով Հայոց Հովվապետի օրհնությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ