18 04 2019

Նախագահի կարգադրությունը՝ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ

Նախագահի կարգադրությունը՝ ՍԴ դատավորի թեկնածուների ընտրության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը.

1. Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարին՝

1) մինչև ս. թ. ապրիլի 19-ը կազմակերպել Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման վերաբերյալ հայտարարության, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջների և դրանք հավաստող փաստաթղթերի ցանկի տեղադրումը՝ Հանրապետության նախագահի աշխատակազմ ներկայացնելու վերջնաժամկետ սահմանելով ս. թ. մայիսի 3-ը, ժամը 18:00,

2) մինչև ս. թ. մայիսի 6-ը Հանրապետության նախագահին փոխանցել Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածության համար դիմած հավակնորդների ցուցակը և նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները),

3) մինչև ս. թ. մայիսի 15-ը կազմակերպել անհատական զրույցներ Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության համար դիմած, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից առաջարկված այլ հավանական հավակնորդների հետ,

4) Հանրապետության նախագահի հանձնարարությամբ կազմակերպել Հանրապետության նախագահի հանդիպումները իրավաբան-գիտնականների, իրավաբանական համայնքի հեղինակավոր այլ ներկայացուցիչների հետ՝ Սահմանադրական դատարանի դատավորի հնարավոր թեկնածուի վերաբերյալ կարծիք ստանալու նպատակով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ