25 03 2022

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ շփման գծի իրավիճակը

Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին է ներկայացրել ԼՂ շփման գծի իրավիճակը

Մարտի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Ինչպես հայտնում են Արտաքին գործերի նախարարությունից, կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը: Արարատ Միրզոյանը անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելու նպատակով քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և հոգեբանական ճնշումներ գործադրելու, կենսական նշանակության ենթակառուվածքների բնականոն աշխատանքը միտումնավոր խոչընդոտելու ադրբեջանական գործողություններին։ 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ վերոնշյալ գործողություններն Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են: Այս առումով, նախարարը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքի անհրաժեշտությունը: 

Երկուստեք կարևորվել է նաև իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլերի իրականացումը:

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է  խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը։ 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ