09 09 2020

Պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն դատի է տվել իր ղեկավարած կառույցին․ «Հրապարակ»

Պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն դատի է տվել իր ղեկավարած կառույցին․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ 

«ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԵՊՀ-ի, որի ռեկտորն է ինքը։ Դատարանը բավարարել է հայցը, ինչի հետեւանքով ԵՊՀ-ն Գեւորգյանին պետք է վճարի 13 մլն դրամ։
Բանն այն է, որ ԵՊՀ նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանը հեռացրել էր Գեւորգյանին, Գեւորգյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ համալսարանի, որից հետո ինքը դարձավ ԵՊՀ ղեկավարը, սակայն հայցը հետ չվերցրեց։ Գեղամ Գեւորգյանին աշխատանքից ազատելու համար որպես հիմք է ընդունվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով ամրագրված վստահության հատուկ կապի եւ հավատարմության սկզբունքը՝ նաեւ հիմք ընդունելով, որ ԵՊՀ-ում առկա է հանրային կառավարման տարր։
22․03․2019թ․ Գեղամ Գեւորգյանը դիմել է դատարան եւ պահանջել․

1. անվավեր ճանաչել աշխատանքից ազատման հրամանը,

2. իրեն վերականգնել ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում,

3. ԵՊՀ-ից բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը,

4. ԵՊՀ-ից բռնագանձել 1 մլն ՀՀ դրամ՝ որպես փաստաբանին վճարված վարձատրություն,

5․ ԵՊՀ-ից բռնագանձել 4 հազար ՀՀ դրամ՝ որպես պետական տուրք։


26․06․2020թ․ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա․ Մկրտչյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գեղամ Գեւորգյանի հայցը։ Դատարանը մասնավորապես որոշել է․ մերժել Արամ Սիմոնյանի դեմ ներկայացված պահանջներն ամբողջությամբ, քանի որ աշխատանքային հարաբերությունները երկկողմանի՝ գործատուի եւ աշխատողի միջեւ հարաբերություններ են, ուստի որեւէ դեպքում Արամ Սիմոնյանի դեմ ներկայացված պահանջը չէր կարող բավարարվել։ Անվավեր է ճանաչել աշխատանքից ազատման հրամանը։ Որպես հրամանն անվավեր ճանաչելու պահանջի հիմնավորում՝ նշվել է այն հանգամանքը, որ հրամանում, ըստ դատարանի, չի հստակեցվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այն նախադեպը, որի հիման վրա կայացվել է հրամանը, մինչդեռ գործի նյութերում առկա են գրավոր փաստաթղթեր, որոնցում հստակեցվել է այդ նախադեպը՝ նշելով գործի անունը, համարը, ինչպես նաեւ տրվել է այդ նախադեպի հղումը։ Ավելին․ դատարանի պարտականությունն է՝ ինքնուրույն ուսումնասիրել նաեւ Եվրոպական դատարանի նախադեպերը, նույնիսկ եթե դատավարության կողմերն այդ մասին չեն ասում դատարանին։

Դատարանը մերժել է նաեւ ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում վերականգնվելու մասին պահանջը, քանի որ, հասկանալիորեն, այդ պահանջը չէր կարող բավարարվել՝ հաշվի առնելով այն, որ 1 տարուց ավելի Գեղամ Գեւորգյանն արդեն իսկ աշխատել էր ավելի բարձր պաշտոնում՝ որպես ռեկտորի ԺՊ, եւ հնարավոր չէր լինի նրան վերականգնել աշխատանքի, որպեսզի Գեւորգյանը միեւնույն ժամանակ զբաղեցներ ե՛ւ ռեկտորի ԺՊ-ի, ե՛ւ պրոռեկտորի պաշտոնները։ Դատարանը ԵՊՀ-ից հօգուտ Գեղամ Գեւորգյանի բռնագանձել է հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։ Այս գումարի չափը կազմում է շուրջ 12 միլիոն դրամ։ Հասկանալի է, որ ռեկտորի աշխատավարձն ավելի բարձր է, քան պրոռեկտորինը, ուստի հասկանալի չէ, թե ինչ հարկադիր պարապուրդի մասին է խոսքը։ Դատարանը նաեւ ԵՊՀ-ից բռնագանձել է 1 մլն դրամ՝ փաստաբանի վարձատրությունը»։

Շարունակությանը կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ