23 07 2020

Հայ գրականություն առարկայի շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը. Կոստանյան

Հայ գրականություն առարկայի շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը. Կոստանյան

Այս բարդ սոցիալ-տնտեսական, համաճարակային իրավիճակում առցանց ձեւաչափով իրականացնում են այնպիսի կարեւորագույն հարցերի քննարկումներ, որոնք իրենցից ենթադրում են ռազմավարական փոփոխություններ կրթության ոլորտում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանալի է, որ հիմա դժվար է դեմ առ դեմ քննարկումներ իրականացնել, բայց զումի միջոցով քննարկել կրթական ու առարկայական չափորոշիչների նախագծերը` մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ, անթույլատրելի է։ Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում, թե ծնողական, թե աշակերտական, եւ թե հատկապես մանկավարժական համայնքի շրջանում։

Արդյոք օբյեկտիվորեն են առաջնորդվում ԿԳՄՍ հանրակրթության ոլորտի պատասխանատուները, բավարար ներառակա՞ն են քննարկումներին։

Անընդհատ ուսուցչական համայնքներից ազդակներ ու լուրջ մտահոգություններ եմ ստանում, որ յուրաքանչյուր օր մեկ առարկայական չափորոշիչների քննարկման համար բավարար ժամանակ եւ հնարավորություն տրված չէ, ինչի արդյունքում ստացվում է, որ այս հանրային քննարկումները կրում են զուտ ձեւական բնույթ եւ դուրս են թողնելու բոլորի կարծիքներն ու առաջարկությունները։

Ինձ եւս հետաքրքրում է, թե չափորոշիչների մշակման աշխատանքային խմբերում ովքեր, ինչ մասնագետներ են ներգրավված եղել, արդյոք նրանք անմիջական կապ ունեն դպրոցի հետ, որքանով են առնչվել դպրոցի ներսում իրական խնդիրներին, եւ որքա՞ն է կազմում կրկին արտասահմանյան փորձի ներդրումը լոկալ հանրակրթական ոլորտի բարեփոխման հարցում։

Տեղյակ եմ, որ հայ գրականություն առարկայի ուսումնասիրության շրջանակից նախատեսվում է հանել մեր մեծ գրողների ուսումնասիրությունը` այն պատճառաբանությամբ, թե 21-րդ դարի դպրոցահասակ երեխայի համար այդ լեզուն դժվարընկալելի, դժվարամատչելի է, կարծում եմ այսկերպ մենք ուղղակիորեն դուրս կմղենք հայկական դասականին եւ աստիճանաբար մոռացնել կտանք նրա մասին։

Սա շատ նուրբ, կարեւոր եւ օբյեկտիվություն պահանջող հարց է, որտեղ առավելագույնս զգուշորեն պետք է վարվեք։

Ի վերջո, որն է վերջնանպատակը նման փոփոխություն անելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ