10 03 2022

Դատական նիստ՝ ընդդեմ բնապահպանության նախկին նախարարի և գլխավոր դատախազի



ՀՀ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում քննվող այսօրվա՝ մարտի 10-ի գործը վերաբերում էր  էլեկտրաէներգիա արտադրող «Անի» ԲԲԸ  կողմից  Բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի՝ 2019 թվականի հրամանի դեմ ներկայացված հայցին։ Ընկերության փաստաբան Հրանտ Անանյանը, Yerevan. Today-ի հետ զրույցում նշեց, որ Բնապահպանությա նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը 2019 թվականին,  ակնհայտ օրենքի խախտմամբ, վերանայել է «Անի» ԲԲ ընկերությանը տրված 2017 թվականի ջրօգտագործման թույլտվությունը  և որոշում կայացրել՝ անվավեր ճանաչել այն։ Նախարարությունը պատճառաբանել էր, թե՝ ընկերությունը 2017 թվականին  հայտի ներկայացման ժամանակ պետք է նրեկայացներ ՇՄԱԿ փորձաքննություն  (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական), սակայն չի արել այն, և քանի որ  առանց ՇՄԱԿ փորձաքննության է տրվել թույլտվություն, նախկին նախարարը  որոշել էր հենց այնպես անվավեր ճանաչել  ընկերության ջրօգտագործման թույլտվությունը։

«Ընկերությունն արագ արձագանքելով՝  բողոքարկել էր տվյալ որոշումը  վարչական դատարան և դատարանը կիրառել էր հայցի ապահովման միջոց, ինչի արդյունքում նախարարի որոշումը չէր հասցրել ուժի մեջ մտնել։ Այդ կերպ դատարանը թույլ չէր տրվել, որպեսզի, իրավահարաբերության չհստակեցված պայմաններում նախարարի հրամանը մտնի ուժի մեջ,   որովհետև,  եթե այդ հրամանը մտներ ուժի մեջ, անմիջապես ՀԷԿ-ի գործունեությունը պետք է դադարեցվեր։

ՀԷԿ-ը օրական մի քանի միլիոն դրամի էլեկտրաէներգիա է արտադրում, դրանից բխող նաև հարկային պարտավորություններ է կատարում  պետության հանդեպ, դատական տարբեր ատյանների արդյունքում դատարանները վճռել են, որ Էրիկ Գրիգորյանը գործել է ապօրինի, քանի որ օրենքով նման պահանջ չկա։ Դատական ատյաններից հետո ընկերությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նկարագրելով Էրիկ Գրիգորյանի գործողությունները․ այսինքն՝ հետայսու նմանատիպ խախտումները կանխելու, արդարության սկզբունքը պահպանելու, կամայականությունները բացառելու համար  հաղորդում  ենք ներկայացրել՝ կցելով նաև մասնագիտացված դատարանների դատական ակտերը»,-ասաց փաստաբանը։

Հրանտ Անանյանի խոսքով, դատախազությունն ուղարկել է հաղորդումը Հակակոռուպցիոն կոմիտե, կոմիտեն իր հերթին վերագրել է, որ  ներկայացրած հաղորդումը չի պարունակում  տվյալներ՝ պաշտոնական դիրքի չարաշահման ուղղակի դրսևորման մասին։

«Անհասկանալի է , թե ինչպիսին պետք է լիներ ուղղակի դրսևորումը, եթե կոնկրետ մատնանշել էինք, որ օրենքի խախտում է թույլ տրվել, և մեր  գնահատողական վերլուծությունից բացի,նաև կապակցել ենք  օրինական ուժի մեջ մտած  դատական ակտեր, որոնք ակնհայտ փաստ են։ Հակակոռուպցիոն կոմիտեն, ըստ էության, անգործություն է թույլտվել, անհիմն և քրեականդատավարության օրենսդրության պահանջների խախտմամբ ուղղակի նույնիսկ որոշում չի կայացրել ՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին, մենք էլ  դիմել ենք  դատական պաշտպանության և խնդրում ենք , որպեսզի դատարանը նախ արձանագրի Հակակոռուպցիոն կոմիտեի անգործությունը»,-ասաց փաստաբանը։

Ի դեպ, այսօրվա դատական նիստին կոմիտեից չեն ներկայացել, որը, ըստ փաստաբանի, նույնպես օրենքի խախտում էր։ «Անի» ԲԲԸ  իրավական հարցով ներկայացուցիչը նշեց, որ  ընկերության նկատմամբ ապօրինի հետապնդումները,միաժամանակ սկսվել են  հենց 2018 թվականի վերջերից և 2019 թվականի սկզբներից՝ միմյանց հետ կապ չունեցող մի քանի  տարբեր պետական մարմինների կողմից  հարձակումներով, ինչը փաստաբանը պատահականություն չի համարում։ «Իմ կարծիքով այստեղ կա հստակ ձևավորված դիրքորոշում՝  առնվազն մի աստիճան ավելի վերև օղակից»,-ասաց փաստաբանը։

Ի դեպ, դատարանը հետաձգեց նիստը՝ հաջորդ նիստին համապատասխան փաստաթղթերի ներկայացման, փաստերի ուսումնասիրման հիմամբ ։

Գործի մանրամասների մասին առաջարկում ենք  ծանոթանալ՝   դատական նիստը լուսաբանող տեսագրությամբ և հարցազրույցներով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ