23 03 2021

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը․ նիստը հետաձգվեց



Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը․ նիստը հետաձգվեց մեկ շաբաթով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն ինքնաբացարկ հայտնեց մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանին։ Պաշտպանը նշեց, որ որոշ ժամանակ առաջ Բաղդասարյանը Ծաղկաձորում հանդիպել է «Իմ քայլը» պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հետ (լուսանկարը տարածվել է համացանցում)։ Դատավորը հրաժարվեց քննել այդ միջնորդությունը։ Պաշտպանական կողմը կասկած հայտնեց, որ դատավորին նոր հրահանգ է իջեցվել։ Բաղդասարյանի և պաշտպանների միջև վիճաբանության ընթացքում դատախազը հայտարարեց․ «Գևորգ Բաղդասարյանը չի օգտագործվում, օգտագործում ա»։

Պաշտպանական կողմը նույնիսկ առաջարկեց հետաձգել այսօրվա նիստը մինչև ՍԴ-ի՝ 300․1 հոդվածի սահմանադրականության վերաբերյալ որոշման հրապարակումը։ Սակայն դատավոր Դանիբեկյանը թողեց դա առանց քննության։

Դատավոր Դանիբեկյանը նաև հետաձգեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու միջնորդության լուծումը մինչև վճռաբեկ բողոքի լուծումը և Սահմանդրական դատարանում՝ առաջին ատյանի դատարանի դիմումի հիման վրա գործի քննության ավարտը։

Նիստի ընթացքում դատարանը նաև սանկցիա կիրառեց նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ, ով փետրվարի 23-ին չի կարողացել ներկայալ նիստին, քանի որ այդ օրը մասնակցում էր Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ նիստի։

Դատավորը որոշեց այլևս չքննել որևէ միջնորդություն և անցնել մեղադրական ճառի եզրափակիչ մասի ընթերցմանն ու դատաքննության փուլին։ Ի նշան բողոքի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները լքեցին դատական նիստերի դահլիճը։

Նախագահող դատավորը հետաձգեց նիստը՝ հաջորդը նշանակելով մարտի 30-ին, ժամը՝ 13։00-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ