02 12 2020

Գլխավոր դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով աշխատում է ուժերի գերլարումով



Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունների գործընթացն օրենքով սահմանված կարգով հնարավոր ամենասեղմ ժամկետում կազմակերպելու և դրանց անխոչընդոտ իրականացումն ապահովելու նպատակով դեռևս 2020թ. օգոստոսին ՀՀ գլխավոր դատախազի տված հանձնարարության համաձայն դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առանձնացվել էին այն քրեական գործերը, որոնց շրջանակներում կարող է լինել ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ կասկած:

Առանձնացված բոլոր գործերի վերաբերելի նյութերն ուղարկվել են ՀՀ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:

2020թ. սեպտեմբերի 3-ից, այսինքն ՀՀ գլխավոր դատախազությունում պատասխանատու ստորաբաժանման ստեղծումից մինչ նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել է շուրջ 200 նյութ՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 405 սուբյեկտի վերաբերյալ։ Ուսումնասիրություն սկսելու հիմքերի առկայության ստուգման արդյունքում նրանցից 206-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:

Նախաձեռնված յուրաքանչյուր ուսումնասիրության շրջանակներում իրականցվում է համապարփակ, մանրամասն, արդյունքին միտված վերլուծություն՝ նպատակ ունենալով հնարավորինս արագ, արդյունավետ, քաղաքացիների իրավունքի հարգմամբ և հաշվառմամբ գործադրելու ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից դուրս բերելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի կառուցակարգերը։

ՀՀ գլխավոր դաստախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այս ընթացքում աշխատել և շարունակում է աշխատել ուժերի գերլարումով՝ հաշվի առնելով ստորաբաժանման ամբողջական կազմի լիարժեք համալրված չլինելու հանգամանքը:

 Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազների ընտրությունն իրականացվել է բաց մրցույթի միջոցով, որի արդյունքներով հաղթող ճանաչված և ՀՀ արդարադատության ակադեմիայում հատուկ մասնագիտացման առարկայական ծրագրով ուսումնառություն անցածներից հինգ անձ նշանակվել է վարչության դատախազների հաստիքներին: Ներկայումս ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառություն են անցնում վարչության դատախազների՝ թափուր մնացած մյուս հաստիքների համալրման նպատակով նոյեմբերի 3-ին անցկացված երկրորդ բաց մրցույթը հաղթահարած ևս երեք դատախազների թեկնածուներ, որոնք ուսումնառության գործընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում հաջորդ ամսվա սկզբին կարող են համալրել և ամբողջացնել վարչության դատախազների շարքերը։

Վարչության աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով դրանց ներգրավվել են նաև տնտեսագետներ։ Պատասխանատու ստորաբաժանման ձևավորումից հետո վերջիններիս ընտրության համար հայտարարվել և անցկացվել է բաց մրցույթ, որի արդյունքներով հաղթող է ճանաչվել 4 տնտեսագետ։

Մեկնարկած գործընթացի շրջանակներում ամբող ծավալով և հետևողականությամբ գործադրվելու է ողջ իրավական գործիքակազմը՝ համապատասխան վարույթների շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ տվյալների ձեռքբերման, տնտեսական շրջանառությունից դրանց դուրս բերման, բացառապես իրավական ընթացակարգերով և իրավաչափ գործիքակազմով դրանք օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, պետության խախտված իրավունքները վերականգնելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ