Այս փաստաթղթով ոչ միայն տարածքներ կորցրեցինք, այլև՝ ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլարի պարտավորություն դրվեց Հայաստանի վրա, որը վճարելու ենք մենք ու մեր սերունդները:
Դեռևս երկու տարի առաջ ահազանգել էի, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է նախապատրաստում՝ կապված Արցախում և 7 շրջաններում Ադրբեջանի կողմից իբր թե կրած նյութական վնասի փոխհատուցման կապակցությամբ: Սակայն նրանք չէին կարողանում հայց ներկայացնել, քանի որ չունեին բավարար ապացույցներ առ այն, որ Հայաստանն է պատասխանատու սուբյեկտը: Նրանք վարձել էին վնասների հաշվարկման միջազզգային կազմակերպություն, որը գնահատել էր Ադրբեջանին հասցված վնասները` ավելի քան 50 մլրդ ԱՄՆ դոլար:
Օրերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Ադրբեջանը իսկապես նման հայց նախապատրաստում է Հայաստանի դեմ:
Վստահ եմ՝ նման հայցի ուղղությամբ աշխատանքներն ակտիվացել են, քանի որ Հայաստանի վարչապետը նոյեմբերի 10-ին ստորագրելով հայտնի փաստաթուղթը՝ ըստ էության հաստատել է, որ Հայաստանի Հանրապետությունն է հանդիսանում պարտավորության սուբյեկտ, և դրանով իսկ ուղղակիորեն ստանձնել է պարտավորություն ցանկացած պատճառված վնասի համար:
Ամենայն պատասխանատվությամբ զգուշացնում եմ, որ, եթե ժամանակին չձեռնարկենք գրագետ իրավական հակահարված` Նիկոլ Փաշինյանի ստորագրած խայտառակ փաստաթուղթը մեզ համար առաջացնելու է նաև ֆինանսական լուրջ խնդիրներ, որը անգամ մեր սերունդները չեն կարողանալու վճարել:
Որպեսզի բացառենք նման զարգացումները, Նիկոլ Փաշինյանի հրաժարականն առաջին անհրաժեշտ հրամայականն է, ոչ միայն՝ քանի որ վերջինս իրավասու չէր ստորագրել նման փաստաթուղթ նման պայմաններով, այլև՝ եթե ոչ ամբողջությամբ, ապա, առնվազն մասնակիորեն չեղարկել և տարածքային, և նաև ֆինանսական ահռելի պարտավորությունների առաջացումը մեր և մեր սերունդների համար:
Գևորգ Կոստանյան
ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ նախկին ներկայացուցիչ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը