Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի բնակարանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որեւէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը եւ մանկահասակ երեխաներին: Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով: Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 եւ 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից, անցել են վաղեմության ժամկետները, նաեւ միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է եւ անբարոյականություն, մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին: Դատարանի որոշումը եւ քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»,- գրել է փաստաբանը։
Նշենք, որ Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր գրառում է արել, թե ինչու էին իր բնակարանում խուզարկություն իրականացնում.
«Քանի որ երեկվանից ինձ գրում են իմ ընկերները, համակիրները, եւ լրատվամիջոցներիցների ներկայացուցիչները մի քանի բառով պարզաբանեմ երեկվա գիշերային խուզարկության պատճառները:
Մեր հպաաաաարտ իշխանությունները այնքան են մտահոգվել իմ հակասորոսական գործունեությամբ եւ քանի որ երկար փնտրտուքից հետո որեւէ ապօրինություն չեն գտել իմ անցյալում, դիմել են ապուշության.
Լոս Անջելես քաղաքում գտել են Սորոսի ծռերի համակիր մի հայտնի մարմնավաճառ կնոջ (Դուբայի Մարիշ մականունով) ով հաղորդում է տվել որ ես 2016 թվականին ինչ որ գրառում եմ արել իր դեմ ՊՊԾ գնդի գրավման օրերին:
Այո, սիրելիներ դուք չսխալվեցիք, խոսքը գնում է 2016 թվականի գրառման մասին, որը նույնիսկ ես չեմ արել: Իմ դեմ կեղծ հաղորդում ներկայացրած տիկինը ԱՄՆ քաղաքացի է:
Ի՞նչ եք կարծում 2016 թվականի գրառման համար ԱՄՆ քաղաքացուց կեղծ հաղորդման հիման վրա գիշերային խուզարկություն իրականացնող իշխանությունը ուժե՞ղ է:
Որեւէ քայլ անպատասխան չի մնալու»,- գրել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը