Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որր իրենք ներկայացրել են բոլոր հիմքերը, հիմնավորումները, որոնց համաձայն, փաստաբանի խոսքով, պետք է անհապաղ ազատ արձակվի Գագիկ Խաչատրյանը։
«Պատահական չէ, որ հիմա փորձ է արվում Գագիկ Խաչատրյանի դուրսգրման պատմությունը բարդել այլ մարդկանց վրա, ցույց տալու, որ պետական մարմիններն իբր սխալ չեն գործել»։
Փաստաբանը նշեց, որ բժշկական հաստատության վրա ՔԿՀ-ից ճնշումներ են եղել։
«Անհրաժեշտության դեպքում ես կհրապարակեմ գրություն, ԱՆ քրեակատարողական ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ ուղղված բժշկական կենտրոնի տնօրենին»,-նշեց Սարգսյանը՝ հավելելով, որ գրությունն առկա է Գագիկ Խաչատրյանի անձնական գործում, որի հետ ինքը պարբերաբար ծանոթանում է։
Փաստաբանի խոսքով՝ ՊՈԱԿ-ի տնօրենն այդ գրությամբ առաջարկում է քննարկել Գագիկ Խաչատրյանի ստացիոնար բուժումը դադարեցնելու և նրան ՔԿՀ տեղափոխելու հարցը։
«Դա մենք դիտարկեցինք ճնշում քաղաքացիական հիվանդանոցի վրա, համապատասխան գրությամբ դիմեցինք ՊՈԱԿ-ի տնօրեին ու հորդորեցինք զերծ մնալ»,-նշեց Երեմ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է երեկվա դեպքին, ապա Սարգսյանի խոսքով, ՔԿՀ ծառայողներն ասել են Գագիկ Խաչատրյանին տեղափոխում են բուժման, մինչդեռ իրականում նրան փորձել են տեղափոխել խուց։
Դատարանը խորհրդակցական սենյակում է, որոշումը կհրապարակվի մայիսի 25-ին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը