24 03 2020

Փաստաբանների պալատը պարետին մտահոգություն է հայտնել սահմանափակման հարցով

Փաստաբանների պալատը պարետին մտահոգություն է հայտնել սահմանափակման հարցով

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որոն հայտնում է, որ դիմել է պարետին և մտահոգություն հայտնել փաստաբանների և փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Պարետի 24.03.2020 թվականի № 14 որոշմամբ որոշ բացառություններով արգելվել է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը:

Բացառությունների մեջ չեն ներառվել փաստաբանական գործունեության և իրավաբանական ծառայությունների տեսակները (69.10.0): Բացառությունների մեջ ներառված չէ նաև Փաստաբանների պալատի, այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեությունը:

Փաստաբանների պալատը դիմելով պարետին, մտահոգություն է հայտնել փաստաբանների և փաստաբանների պալատի գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ:

Մեջբերելով Սահմանադրության 64-րդ և 76-րդ հոդվածների դրույթները Փաստաբանների պալատը պարետի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ՝

- անձի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը չի թույլատրվում սահմանափակել նույնիսկ արտակարգ դրության ժամանակ.

- փաստաբանի իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև իրավունքների սահմանափակումները կարող են սահմանվել միայն ՕՐԵՆՔՈՎ և ոչ թե կառավարության կամ պարետի որոշումներով:

Ակնհայտ է, որ նույնիսկ արտակարգ դրության օրերին անձինք կարիք են ունենալու իրավաբանական օգնություն ստանալու, քանի որ՝

- Հայաստանի Հանրապետությունում շարունակվելու են քրեական հետապնդման ենթարկվել քաղաքացիները, այդ թվում՝ կատարվելու են քննչական անհետաձգելի գործողություններ,

- ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների խախտումների հարցերով ընթանալու են անհետաձգելի դատավարություններ (օրինակ՝ մեղադրյալի կալանավորման հարցով դատական նիստ),

- հնարավոր են մարդկանց իրավունքների և ազատությունների խախտումներ (ապօրինի ազատությունից զրկում, ապօրինի տուգանքներ և այլն):

Փաստաբանների պալատը խնդրել է վերացնել փաստաբանների և Փաստաբանների պալատի գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումները:

Հ.Գ. Գրությունը որևէ կերպ չի արժեզրկում Փաստաբանների պալատի դիրքորոշումը և հավանությունը՝ Կառավարության՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի քաղաքականության իրականացման հարցում»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ