28 05 2024

Ոստիկանության ծառայողների գործողությունները համահունչ չեն իրավական պահանջին. ՓՊ նախագահ

Ոստիկանության ծառայողների գործողությունները համահունչ չեն իրավական պահանջին. ՓՊ նախագահ

Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը գրում է.

«Դեռևս 2023 թվականին` մեկ տարվա ընթացքում, ականատես եղանք փաստաբաններին ոստիկանական բաժանմունքում ծեծի ենթարկելու երկու դեպքի, ընդ որում երկու դեպքում էլ առերևույթ առկա էր պաշտպանյալի խոշտանգումը:

Առայսօր տվյալ գործերով արդարադատության արդյունքը առկա չէ:

Մեկ ամիս առաջ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվածների պահման վայր տեղափոխելիս անհայտ անձանց կողմից խոշտանգման էր ենթարկվել քաղաքացի Սամվել Վարդանյանը:

Ոստիկանության այսօրվա գործողությունների արդյունքում ականատես եղանք ՝
• Թե ինչպես է 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Գրիգորյանը ոստիկանության կողմից բերման ենթարկման արդյունքում տեղափոխվում հիվանդանոց
• Պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բազմաթիվ ոստիկանների կողմից ուժի կիրառմանը, որը վերածվել էր ծեծի՝ զուգորդված սեռական բնույթի հայհոյանքներով,
• ըստ մամուլում հրապարակված նյութերի այլ դեպքեր ևս առկա են:

Ոստիկանությունն իր լիազորություններն իրականացնելիս պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների հարգման և պաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց իրավահավասարության, լիազորությունների իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով:

Ոստիկանության հարկադրական բնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի Սահմանադրությամբ և օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ և չափավոր:

Ակնառու է, որ Ոստիկանության ծառայողների գործողությունները շարունակական են և համահունչ չեն տվյալ իրավական պահանջին:

Ավելին, պատգամավոր Աշոտ Սիմոնյանի դեպքով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:

Այս ամենը խիստ մտահոգիչ է և դատապարտելի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ