09 01 2020

Խախտումներ՝ անօթևանների ժամանակավոր կացարանում

Խախտումներ՝ անօթևանների ժամանակավոր կացարանում

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները 2019 թվականի դեկտեմբերի 26-ին չհայտարարված այց են կատարել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի անօթևանների ժամանակավոր կացարան:ՀՀ Կառավարության որոշման համաձայն անօթևան անձին տրամադրվում է ժամանակավոր կացարան մինչև 90 օր տևողությամբ:

Այցի ընթացքում իրականացվել է կացարանի բնակելի տարածքի, սանիտարական և կոմունալ հարմարությունների, շահառուների խնամքի, բուժօգնության, սննդի տրամադրման, շահառուների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակի ուսումնասիրություն: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ կացարանի աշխատակիցների և այնտեղ բնակվող շահառուների հետ:

Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. 

շահառուների պնդմամբ՝ հաշմանադամություն ունեցող անձինք զրկված են կենսաթոշակներն ամբողջությամբ ինքնուրույն տիրապետման հնարավորությունից, քանի որ թեև գումարը ստանում են անձամբ, սակայն ստացած գումարի մի մասը տալիս են կացարանի աշխատակցին «իրենց հաստատությունում պահելու կամ ուշադիր լինելու համար»,

կացարանի շենքը, լոգարանները և սանհանգույցները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին, պահպանված չեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2014 թվականի հունվարի 31-ի թիվ 13-Ա/1 հրամանով սահմանված՝ առանձնասենյակների կահավորման չափորոշիչները, 

չեն տրամադրվում բնակիչների անձնական հիգիենայի բավարար պարագաներ, առկա չեն առողջական վիճակի վերաբերյալ տվյալների հավաքագրման, պահպանման և վարման միասնական կարգեր, չի ապահովվում բժշկական թափոնների պատշաճ խոտանումը օրենսդրությամբ սահմանված կարգով, 

խոհանոցում և սննդի պահեստում առկա չեն սանիտարահիգիենիկ պատշաճ պայմաններ, չի վարվում սննդամթերքի հաշվառման մատյան, այցի պահին հաստատությունում առկա է եղել ժամկետանց սննդամթերք, այդ թվում՝ մածուն (պիտ. ժամկետը՝ մինչև 25.12.2019), կոնֆետ «Լաստոչկա»՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 30.06.2019 և դեղձի ջեմ՝ (պիտ. ժամկետը՝ մինչև 07.09.2019):

Այցի պահին արձանագրվել է, որ այդ օրվա ճաշացանկով նախաճաշի համար նախատեսված կաթնաշոռը և թթվասերը չի տրամադրվել, չի պահպանվում պատրաստի կերակրատեսակի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, մասնավորապես՝ բուժաշխատողը ներկա չի լինում նմուշառմանը, լոգանքը կազմակերպվում է ըստ ժամանակացույցի՝ շաբաթական մեկ անգամ:

Շահառուների պնդմամբ՝ մեկ անձի համար տրամադրվում է առավելագույնը 20 րոպե, որի ավարտից հետո տաք ջուրն անջատվում է կամ շահառուին հարկադրաբար դուրս են բերում լոգասենյակից:

Առկա չեն մարմնական վնասվածքների կամ ենթադրյալ բռնության դեպքերի արձանագրման մատյաններ,շահառուների բժշկական քարտերում բացակայում են պարբերական գրառումները, չեն պահպանվում կացարանի աշխատողների առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության գործընթացները և չեն տրամադրվում անձնական սանիտարական (բժշկական) գրքույկներ:

Ինչպես կացարանի տնօրենը, այնպես էլ կացարանի աշխատակիցները լիարժեք համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ վերջիններիս կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել:

Տնօրենի և աշխատակիցների հետ քննարկվել են կարևոր հիմնահարցեր՝ կապված շենքային պայմանների, պետության կողմից պատվիրակված ծառայությունների մատուցման հետ և այլն:

Այցի ընթացքում արձանագրված մի շարք խնդիրներ տեղում ստացել են լուծումներ, մասնավորապես, հեռացվել են սոցիալական ներառականությանը խոչընդոտող և խտրականություն առաջացնող «մեկուսարան» ցուցանակները այն առանձնասենյակներից, որտեղ բնակվող անձանց մեկուսացման համար բացակայում են հիմքերը: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք խախտումների վերացման ուղղությամբ:

Մասնավորապես, կացարանում կտեղադրվի բողոքների արկղ, կներդրվեն սննդամթերքի հաշվառման մատյան և վնասվածքների մատյան, քաղաքային հեռախոսակապ տրամադրելիս կապահովվի անձի հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ բացառելով կողմնակի անձի ներկայությունը տվյալ սենյակում:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի պատրաստակամությունը միջոցներ ձեռնարկելու վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ, ինչպես նաև նոր ծրագրերի նախաձեռնումը ծառայությունների բարելավման ոլորտում:

Մշտադիտարկման արդյունքները, այդ թվում՝ արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծումների առաջարկներով, պարզաբանումների պահանջով կուղարկվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և կացարանի տնօրինությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ