11 10 2024

Արցախի և ՀՀ-ի նախկին ՄԻՊ-երը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցները

Արցախի և ՀՀ-ի նախկին ՄԻՊ-երը Փարիզում ներկայացրել են ադրբեջանական հանցանքների ապացույցները

 

Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը Փարիզում մամուլի ասուլիս են տվել Ֆրանսիայի լրագրողներին՝ հայերի իրավունքների ադրբեջանական խախտումների ու պաշտպանության մեխանիզմների հարցերով:

Ասուլիսին ներկայացվել են ադրբեջանական հանցանքների ապացույցներն Արցախում և Հայաստանում:

«Բանախոսների ելույթներն ընդգրկել են հետևյալ հիմնական թեմաները՝

1. Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների և պատանդների ազատ արձակման և Հայրենիք վերադարձի պարտադիրությունը` շեշտելով, որ նրանք ենթարկվում են խոշտանգումների և գտնվում են կյանքի համար ամենօրյա սպառնալիքների տակ:

2. Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը, այդ թվում` շրջափակումը, բռնի տեղահանումը և հայկական հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացման փաստերը:

3. Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի պատշաճ իրացման մեխանիզմների հարցերը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան:

4. 2020 թվականից ի վեր Հայաստանի Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի մարզերի տարածքների ադրբեջանական օկուպացիայի փաստերը՝ ներկայացնելով մարդկանց նկատմամբ ադրբեջանական  ամենօրյա հանցանքները:

5. Հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ռասիզմի, քսենոֆոբիայի և թշնամանքի շարունակվող քաղաքականությունը` բարձրագույն իշխանության հովանավորչությանբ:

6. Նշված և մնացած բոլոր հանցանքների համար ադրբեջանական իշխանությունների նկատմամբ պատասխանատվության  արդյունավետ միջոցներ կիրառելու անհրաժեշտությունը, ինչը միտված կլինի նաև կանխելու ադրբեջանական հետագա հանցանքները:

Օրվա վերջում Փարիզի հայկական մշակույթի տանը տեղի է ունեցել հանդիպում Հայ համայնքի հետ. ներկայացվել են վերոնշյալ թեմաների մանրամասները:

Միջոցառումները կազմակերպվել են Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի աջակցությամբ»,- նշել է Արման Թաթոյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ