Մեղադրական դատավճռով ավարտվել է 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով դատական քննությունը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում էր ստացվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Ա. Հ.-ի կողմից մի քաղաքացու օգտին գործողություններ կատարելու՝ Ոստիկանություն ստացված բողոքի ընթացքը նրա օգտին լուծելու համար 700 ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում 2018թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 12.00-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը ավտոմեքենայի մեջ որպես կաշառք 500 ԱՄՆ դոլարի չափով գումարն ստանալուց անմիջապես հետո բռնվել էր բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ և ձերբակալվել: ՀՀ գլխավոր դատախազության կողմից քննչական ենթակայության կարգով ԱԱԾ-ում նախապատրաստվող նյութերը փոխանցվել էին ՀՀ ՀՔԾ, որտեղ իրականացված նախնական քննությամբ ոստիկանության տեսուչին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:
Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ՀՀ ՀՔԾ-ում ավարտված քննության արդյունքում քրեական գործը մեղադրական եզրակացությամբ 2019թ. ապրիլի 9-ին ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։
Դատարանի դատավճռով Ա. Հ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ ազատազրկում 4 տարի ժամկետով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը