04 11 2024

Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել

Առավելագույնը 10.000 դրամ. Պարեկներին կաշառք են առաջարկել

Արագածոտնի մարզի պարեկները նոյեմբերի 1-ին՝ ժամը 19-ին, Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Օհանավան բնակավայրի վարչական տարածքում, սահմանված արագության գերազանցման համար կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մեքենան: Վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է 5000 դրամ կաշառք:

Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչ 51-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին:

 Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկելու հաջորդ դեպքն արձանագրվել է նոյեմբերի 2-ին: Գեղարքունիքի մարզի պարեկները ժամը 17.30-ին ամրագոտի չամրակապելու համար Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ վարորդը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի: Իրավախախտումները չարձանագրելու համար նա պարեկներին առաջարկել է 10000 դրամ կաշառք:

Երևանի բնակիչ 37-ամյա վարորդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին: Հաջորդ դեպքն արձանագրել են Երևան քաղաքի պարեկները:

Նոյեմբերի 3-ի ժամը 22.30-ին Նուբարաշեն-Մասիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան: Ակնհայտ նկատելի է եղել վարորդի ոչ սթափ լինելը: Սթափության թեստ հանձնելուց հետո պարզվել է, որ վարորդն իսկապես ալկոհոլի ազդեցության տակ է: Արձանագրություն չկազմելու համար Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի բնակիչ 55-ամյա վարորդն պարեկներին առաջարկել է 10000 դրամ կաշառք:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Նուբարաշենի բաժանմունք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ