Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային նիստում կորոշի Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի դիմումը վարույթ ընդունել-չընդունելու հարցը։ Տեղեկությունը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել են ՍԴ աշխատակազմից։
Նշենք, որ Հրայր Թովմասյանը չի մասնակցելու նիստին։
Նշենք, որ գործող օրենսդրության համաձայն՝ դիմումն ՍԴ մուտքագրվելուց հետո 7-օրյա ժամկետում ՍԴ-ն աշխատակարգային նիստում որոշում է կայացնում վարույթ ընդունել-չընդունելու մասին, իսկ 30-օրյա ժամկետում ՍԴ պետք է ընդունի երկու որոշումներից մեկը՝ կամ մերժում է տվյալ դիմումը, կամ դադարեցնում է կոնկրետ դատավորի լիազորությունները։
Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Սահմանադրական դատարանի այն դատավորը, որի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործ է քննվում, դատավարությանը ներգրավվում է բացառապես որպես պատասխանող:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ին, փակ գաղտնի քվեարկության ընդունեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծը։ Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: Հրայր Թովմասյանի պնդմամբ՝ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել էր մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը: Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել 2018թ.–ի փետրվարին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը