Tert.am-ը գրում է․ «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը զբաղված է իր երկարամյա օգնականին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր դարձնելու գործով:
Tert.am-ի տեղեկություններով Ռուբեն Վարդազարյանը իշխանություններին խոստացել է ձևավորել «անկախ» դատական համակարգ և ցանկանում է իրեն ենթարկվող դատավորներ ունենալ բոլոր ատյաններում՝ նոր իշխանությունների մոտ իր դիրքերն ամրապնդելու համար: Այդ նպատակով արդեն դատավորների հայտացուցակում է Ռուբեն Վարդազարյանի երկար տարիների օգնական Հասմիկ Ջամալյանը:
Դատավորների թեկնածուների ցուցակի քաղաքացիական մասնագիտությամբ բաժինը համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը մասնակցած հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցնում գրավոր քննության նվազագույն անցողիկ միավոր (60) հավաքած թվով 11 հավակնորդներ:
Հասմիկ Ջամալյանը ստացել է 62 միավոր: Նրանից ցածր ստացել է մեկ հավակնորդ՝ 60 միավոր: Ի դեպ, նա նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության խոշտանգումների և մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Նիկոլայ Բարսեղյանի կինն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը